կարևոր
1766 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-17 11:27

Արցախում շմոլ գազից թունավորվելու հետևանքով 15-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Արցախում շմոլ գազից թունավորվելու հետևանքով 15-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնի քննիչի կողմից քրեական գործ է հարուցվել Արցախի Մարտունի քաղաքում շմոլ գազից թունավորվելու հետևանքով մահվան դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

Հաղորդագրության համաձայն՝ Մարտունու շրջանային բուժմիավորումից՝ 2021թ. մարտի 15-ին, ժամը 22:10-ին, Արցախի Հանրապետության ոստիկանության Մարտունու շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 21:00-ին իրենց մոտ է տեղափոխվել  2006թ. ծնված Տ. Ղ-ի դին: Կատարված ստուգումներով պարզվել է, որ «Արցախգազ» ընկերության Մարտունու  արտադրաշահագործման տեղամասի գազի ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման փականագործ Վ. Գ-ն՝ «Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական-սպասարկման ծառայությունների մատուցման մասին» համաձայնագրով, պարտավոր լինելով իր լիազորությունների շրջանակներում մատուցելու սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին համապատասխանող՝ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն, կատարված ստուգայցերի ժամանակ պատշաճ կարգով չի ստուգել Մարտունու շրջանի Մարտունի քաղաքի Գ.Նժդեհ փողոցի 5-րդ փակուղի թիվ 31 հասցեում տեղակայված՝ Ա. Ղ-ին պատկանող առանձնատան լոգարանում տեղադրված ջրատաքացուցչի համակարգի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին: Համապատասխան միջոցներ չի ձեռնարկել նշված ջրատաքացուցիչի ծխաօդատար ուղիներում առկա էական և ակնհայտ խախտումները բացահայտելու և դրանք վերացնելու համար: Դրա հետևանքով 2021թ. մարտի 15-ին, ժամը 20:50-ի սահմաններում, Տ. Ղ-ն լոգանք ընդունելու ժամանակ՝ օդատար անցուղու բացակայության և ծխատար անցուղու սահմանափակ քարշի պայմաններում թույլատրելի սահմանները գերազանցող չափաքանակի և կուտակված ածխածնի մոնօքսիդ շմոլ գազից թունավորվել է ու մահացել:

Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ, 2021 թվականի մարտի 16-ին Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: Կատարվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ:

Քրեական գործի նկատմամբ հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտունու շրջանի դատախազությունը: