Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 16-ին, ժամը 17։24-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել բենզալցակայանի տարածքում. քաղաքացին արգելափակվել է և կա գազի արտահոսք:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ «Foton» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1951 թ.) բախվել է «Bogdan» մակնիշի ավտոբուսին (վարորդ՝ Գ․ Զ․, ծնված 1939 թ.), որից հետո մոտակայքում գտնվող բենզալցակայանի ներսում գտնվող երկաթե սյանը՝ մասամբ վնասելով այն։
Փրկարարները դուրս են բերել «Foton» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնուհետև ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է ուղևորի դին։
Փրկարարները կատարել են տարածքի լվացման աշխատանքներ։