կարևոր
901 դիտում, 8 ամիս առաջ - 2021-03-16 21:58

«Լոռի»-ն դադարեցնում է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը

«Լոռի»-ն դադարեցնում է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը դադարեցնում է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը:

Ակումբի հիմնադիր նախագահ Թովմաս Գրիգորյանը հայտարարությամբ է հանդես եկել.

« Այսօր շատ ցավալի օր է ինձ համար։ Լոռի ֆուտբոլային ակումբը ոչ սպորտային որոշում կայացրեց՝ չսկսելով հանդիպումը Երևանի Արարատի հետ, ինչի համար ներողամտությունս եմ հայցում Լոռիի երկրպագուներից, ստադիոնում և հեռուստաէկրանների մոտ հավաքված ֆուտբոլասերներից։

Բայց սա անելանելի քայլ էր, քանի որ ՀՖՖ-ն արհամարհական կեցվածք է ընդունել Լոռի ակումբի նկատմամբ: Մեր երկու դիմումներից մեկը` ՀՖՖ բողոքարկման կոմիտե, քննարկվում է 8 ամիս անց, սակայն ՀՖՖ-ն կրկին չի բարեհաճում հրապարակել կոմիտեի որոշումը։

Նման անառողջ մթնոլորտում չեմ պատրաստվում շարունակել պայքարը ՀՖՖ-ի գծած սցենարով, որտեղ նրանց համար ակումբները բաժանված են յուրայինների և օտարների։ Ծանր է կայացնել այս անմարդկային որոշումը. Լոռին կյանք է, մարզը ապրում է ֆուտբոլով, թիմը պայքարում է ամենաբարձր մրցանակային տեղերի համար։ Այս պարագայում չի մնում այլ քայլ' պայքարելու ՀՖՖ-ի անարդարությունների դեմ, ուստի որոշում եմ կայացրել` դադարեցնել Լոռի թիմի մասնակցությունը ՀՀ առաջնությունում»:

Ավելի վաղ հայտարարություն էր տարածել ՀՖՖ-ն. VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի՝ մարտի 16-ին նախատեսված «Արարատ»-«Լոռի ՖԱ» հանդիպումը չի կայացել, քանի որ «Լոռի ՖԱ»-ի ֆուտբոլիստները մրցավարի՝ խաղի մեկնարկն ազդարարող սուլիչից հետո լքել են խաղադաշտը: Հանդիպման պատվիրակը և գլխավոր մրցավարը սպասել են 10 րոպե՝ հնարավորություն տալով «Լոռի ՖԱ»-ի ֆուտբոլիստներին վերադառնալ խաղադաշտ: «Լոռի ՖԱ» ֆուտբոլիստները, առանց «Լոռի ՖԱ» ակումբի կողմից որևէ հիմնավոր պատճառ ներկայացնելու, չեն վերադարձել խաղադաշտ, ինչի հետևանքով էլ հանդիպումը չի կայացել:

Միջադեպի կապակցությամբ, համաձայն ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի հոդված 33-ի կետ 12-ի, կներկայացվի միջնորդություն ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեին, որի նիստի ընթացքում էլ կկայացվի հանդիպման վերաբերյալ վերջնական որոշումը: