Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային և տեխնիկական անձնակազմի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ներկա պահին օդանավի թռիչքը դարձնում են անհնարին:
«Ընկերությունը, որպես օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված բոլոր հարցերով պատասխանատու, իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ թերությունները վերացնելու ուղղությամբ։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ ՀՀ ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ, գործադրում է բոլոր ջանքերն օդանավը Հայաստան վերադարձնելու համար»,- նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում էր ներկայացրել Իրանում վայրէջք կատարած «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի «Բոինգ» օդանավի վերաբերյալ՝ տեղեկացնելով նաև, որ ՀՀ ԱԱԾ-ում կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ: