կարևոր
2069 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-16 14:50

Մարտի 1-ի քրեական գործը միջազգային հեղինակավոր կառույցի կողմից հայտարարվում է քաղաքական ու հակաիրավական

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի այսօրվա հայտարարություններին։

«ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից այսօր հրապարակված «ինտերպոլյան» փաստերը, մեղմ ասած, իրավաքաղաքական դատավճիռ են նիկոլիզմի համար։ Ինչու՞:

  1. Հաստատվում է, որ ՀՀ իշխանությունները փաստացի քաղաքական հետապնդում են իրականացնում նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։
  2. Այդ փաստը աներկբա ձևով հաստատվում է Ինտերպոլի կողմից, որը գլոբալ (այլ ոչ թե տարածաշրջանային) և նվազ քաղաքականացված միջազգային կառույց է։
  3. Այդ փաստը աներկբա ձևով հաստատվում է իբրև թե «ամբողջովին բացահայտված» Մարտի 1-ի գործով մեղադրվող անձի նկատմամբ։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ նիկոլիզմի գլխավոր խաղաքարտերից մեկը՝ Մարտի 1-ի քրեական գործը, միջազգային հեղինակավոր կառույցի կողմից հայտարարվում է քաղաքական ու հակաիրավական՝ վերջնականապես հօդս ցնդեցնելով «ժողովրդավարության բաստիոնի» միֆը։

Կարճ ասած, գործ ունենք ճղճիմ ու խղճուկ, ապաշնորհ ու անսկզբունքային բռնապետիկի հետ»։