կարևոր
2325 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-15 23:47

Իսկ այդ ընթացքում դուք Գորիսի համայնքապետարանի երկրորդ հարկում սուրճ էիք խմում. ի պատասխան Իմ քայլի պատգամավորի հայտարարության

Սյունիքում թիկունքային աշխատանքները բավականին լավ էին կազմակերպվել: Այդ աշխատանքների մի մասին նաեւ ես եմ մասնակցել: Սակայն դա չի նշանակում, որ երկիրն այնպիսի վիճակում է գտնվել, որ համայնքապետերը պետք է ջոկատներ կազմեին ու գնային պայքարեին թշնամու դեմ: Նման բան չի եղել: Որեւէ համայնքապետ իր ջոկատով չի պայքարել թշնամու դեմ ու դրա անհրաժեշտությունը չկար: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլչյանը գրում է.

«Արմեն Խաչատրյան, այս խայտառակ ձևակերպումը անելուց առաջ արժեր հիշել, որ օրինակ՝ Քաջարանի կամավորական ջոկատի տղաներից զոհեր կան, վիրավորվել է Մեղրի համայնքի ղեկավարը, մարզի բոլոր համայնքների ղեկավարները իրենց ջոկատներով գիտեք, որ ոչ միայն պաշտպանությունն են իրականցնել, նաև ահռելի աշխատանք են տարել՝ իրավասու կառույցների 0 աջակցությամբ, որոնք հետո մի գրչի հարվածով նվիրեցին թշնամուն, իսկ այդ ընթացքում դուք Գորիսի համայնքապետարանի երկրորդ հարկում էիք՝ սուրճ էիք խմում և ուշի ուշով հետևում, թե համայնքն ինչպես է մոբիլիզացված ահռելի աշխատանք տանում թե սահմանին ծագած հարցերը լուծելու, թե համայնք եկած տասնյակ հազարավոր ընտանիքիների հումանիտար աղետը հաղթահարելու հարցում: Քաղաքական դիվիդենտների համար շահարկել զենք վերցրած տղաների հայրենասիրության հարցը, զոհված տղաների ամագը ջուրը լցնել, որևէ չինովնիկի հաստատ չի բարձրացնում»:

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը դիմեց համայնքապետերին՝ կոչ անելով ջոկատներ կազմել: Անմիջապես հետևեցին մարզպետների ուղերձները, որոնք, անսալով Նիկոլ Փաշինյանի կոչին, հայտարարել էին կամավորական ջոկատներ կազմելու մասին: Հիշեցնենք դրանցից մի քանիսը.

Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարել էր, որ «Արարատի մարզի բոլոր համայնքներում այժմ կազմավորվում են կամավորական ջոկատներ, որոնք գլխավորելու են համայնքների ղեկավարները կամ համայնքից պատասխանատու որևէ անձ։ Սիրելի՛ արարատցիներ, շտապեք կամավորագրվել և ձեր կանոնավոր ջոկատով եկեք միանանք առաջնագծում կռվող մեր ՀԵՐՈՍ տղերքին։ Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը: Գալի՛ս ենք»:

ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, դիմում է «մարզի բնակիչներին, պետական և ՏԻՄ կառույցների, մարզում գործունեություն ծավալող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին կամավորագրվել հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։ Այս պահից սկսած կարող եք դիմել ձեր համայնքապետարաններ կամ զինվորական կոմիսարիատներ՝ ձևավորելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո գործող կամավորական ջոկատներ և միանալու հայրենական պայքարին, որի զինվորն ենք յուրաքանչյուրս»։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը  հպարտությամբ ասում է, «որ բոլորը միահամուռ, իմ գլխավորությամբ,պատրաստակամություն հայտնեցինք ստեղծելու կամավորական ջոկատներ, և մեր արդար պայքարը փառքով ու հաղթանակով պսակելու։ Եվ ուրեմն. Հենց այս պահից սկսած լծվում ենք համայնքներում կամավորական ջոկատների ձևավորմանը»:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հայտարարեց, որ «հետևելով ՀՀ գերագույն հրամանատարի կոչին, ինքս միանում եմ և դիմում մեր քաջարի վայոցձորցիներին, մեր մարզի բոլոր բնակիչներին՝ կամավորագրվել, համախմբվել, պայքարել. շարունակելով մեր պապերի և մերօրյա հերոսների՝ անմահացած առյուծասիրտ վայոցձորցիների կիսատ թողած գործը»: