կարևոր
3393 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-15 22:34

Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես հանգուցալուծում, առաջարկում է Փաշինյանի ինքնակամ հրաժարականն ու ապաստանումն արտերկրում

 Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես հանգուցալուծում, առաջարկում է Փաշինյանի ինքնակամ հրաժարականն ու ապաստանումն արտերկրում

Արտահերթ ընտրությունների շուրջ Վազգեն Մանուկյանի գնահատակնների հետ համաձայն է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Այսօր նա, հնարավոր սցենարների շուրջ արտահայտվելով, անթույլատրելի է համարել բանակի միջամտությունը, արձանագրել, որ Փաշինյանը հանրային ճնշումով չի հեռանա, ու զգուշացրել.

«Երրորդ տարբերակի հարցում ես լիովին համամիտ եմ Մանուկյանի հետ: Ինչու՞, որովհետև վարչապետն ու նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժը, կրած խայտառակ պարտության համար պատասխանատվությունից խուսափելուց բացի, առաջնորդվում են ոչ թե պետության ամրապնդման եւ հզորացման մտահոգությամբ, այլ բացառապես իրենց իշխանությունն ամեն գնով պահպանելու անթաքույց մոլուցքով: Իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետեւանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների: Համոզված եմ, որ այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին: Իսկ դա կարող է նշանակել Հայոց պետականության վերջը կամ երկարատեւ մղձավանջային գոյատեւումը»,- գրել է հանրապետության առաջին նախագահը։

Իր կողմից իբրեւ հանգուցալուծում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է Փաշինյանի «ինքնակամ հրաժարականն ու Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»: