կարևոր
1237 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-15 20:47

24-օրյա կալանքից՝ ապօրինի ազատությունից զրկվելուց հետո վերջապես ազատ արձակվեց իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանը

Ֆեյքի գործով կալանավորված Արամ Սարգսյանի կալանավորումն արդարադատության իրականացմանն ուղղակի միջամտության արդյունք էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։

«Այսօր 24-օրյա կալանքից, իսկ ավելի ճիշտ՝ ապօրինի ազատությունից զրկվելուց հետո վերջապես ազատ արձակվեց իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանը։

Թվում էր, թե որպես փաստաբան պետք է ուրախանամ այս «հաջողությունից», սակայն ոչ, սա հաջողություն չէ, սա 24 օր ուշացած արդարադատություն է։

Պնդել եւ այժմ էլ պնդում եմ՝ Արամի մասով որեւէ այլ որոշում չի կարող համարվել օրինական, իսկ նրա կալանավորումն արդարադատության իրականացմանն ուղղակի միջամտության արդյունք էր։

Ընդ որում՝ առնվազն փետրվարի 21-ից հայտնի է այն անձն, ով առերեւույթ իրականացրել է այդ միջամտությունը, իսկ փետրվարի 23-ին այդ մասին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել եմ հանցագործության մասին մանրամասն հաղորդում։

Խոսքս վերաբերվում է Արթուր Պետիկի Մկրտչյանին, ով ոչ միայն Երեւան քաղաքի դատարանի նախագահն է, այլեւ ինչպես Արամի, այնպես էլ մյուս բոլոր դեպքերում անձամբ է մակագրում կալանավորման միջնորդությունների քննարկումը դատարանի դատավորներին, Արամի դեպքում՝ Վահագն Մելիքյանին։

Ուշադրության է արժանի այն, որ փետրվարի 23-ից մինչ օրս՝ 21 օր, իմ հաղորդման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր։

Դույզն-ինչ չկասկածեք՝ այս հանցագործության դեպքի ետեւից գնալու եմ մինչեւ վերջ... ես գործը կիսատ թողնել չեմ սիրում։

Նկարում Ա.Մկրտչյանն է»,- գրել է նա։

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն էլ անդրադառնալով Արամ Սարգսյանի կալանավորմանը, նշել է, որ նա 24 օր ապօրինի ազատազրկված է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածի հիման վրա (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը), այն դեպքում, երբ նշված կանոնների գործողությունը դեռ անցած տարի կասեցվել է Սահմանադրական դատարանի կողմից, այնուհետեւ՝ վերացվել ՀՀ կառավարության կողմից։

«Արդյո՞ք որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ պատասխանատվություն չի կրելու այս խայտառակության համար։

Արդյո՞ք պետությունը չունի որևէ պարտավորություն կանխելու 24 օր ծայրահեղ անհիմն և ապօրինի ձևով անձի ազատազրկումը։

Եւ, վերջապես, ո՞վ է փոխհատուցելու անձին ապօրինաբար ազատությունից զրկելու, նրա եւ նրա ընտանիքի բնականոն կյանքը խաթարելու համար։

Այն դեպքում, երբ մինչ օրս Գլխավոր դատախազությունը չի բողոքարկել այս գործով մեղադրյալներ Կարեն Բեքարյանի և Մհեր Ավագյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումները, ինչպես նաեւ Արա Սաղաթելյանի ապօրինի կալանավորումը վերացնելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը՝ ըստ էության համաձայնվելով այդ որոշումների բովանդակության հետ, ինչու՞ սեփական նախաձեռնությամբ չի վերացրել Արամ Սարգսյանի կալանքը՝ անգործությամբ թույլ տալով, որ այդ քաղաքացին ևս մի քանի օր ազատությունից զրկված լինի։

Ավելին՝ մինչ այս պահը չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից տրված ապօրինի հրահանգի արդյունքում Արամ Սարգսյանին ազատազրկելու առերևույթ փաստական հանգամանքների վերաբերյալ, ինչը ևս մի անգամ հավաստում է դրա արժանահավատությունը։

Իշխող ուժի ներկայացուցիչներն ու արբանյակները շատ են սիրում խոսել իրենց կարծիքով «ապօրինի դատական ակտերի արդյունքում» տարբեր անձանց կալանքից ազատելու մասին, սակայն երբեք չեն խոսում ապօրինի դատական ակտերի արդյունքում տարբեր անձանց կալանավորման մասին»,-գրել է Մելոյանը։