կարևոր
1469 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-15 14:06

ՀՀ Զինված Ուժերը վերահսկում են իրավիճակը. ՊՆ փոխնախարարն անդրադարձավ առաջիկա զորավարժություններին

ՀՀ Զինված Ուժերը վերահսկում են իրավիճակը. ՊՆ փոխնախարարն անդրադարձավ առաջիկա զորավարժություններին

Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ արևելյան սահմանի մոտ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվելիք համատեղ զորավարժություններին:

«Այս պահին էլ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը և խուճապային տրամադրություններ ստեղծելու, բանակի մարտունակությունը կասկածի տակ դնելու քայլերը ոչ մի կերպ օգուտ չեն բերում բանակի մարտունակության ամրապնդմանը»,- ասաց Սարգսյանը:

Ադրբեջանը և Թուրքիան մարտի 15-17-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ: