Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արայիկ Մուրադյանն ազատվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Արայիկ Մուրադյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանը (Մախնո) հայտարարել էր, որ անընդունելի է համարում երկրում ստեղծված իրավիճակը և հրաժարվում է փոխմարզպետի պաշտոնից․ «Անընդունելի եմ համարում երկրում ստեղծված իրավիճակը, հրաժարվում եմ Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից և որպես արժանապատիվ սպա՝ միանում եմ ԶՈւ ԳՇ հայտարարությանը»,– մասնավորապես նշել էր նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարականի դիմումներ էին ներկայացրել նաև Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը և Արմավիրի մարզպետի տեղակալ, պահեստազորի գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը․ նրանք ևս միացել էին ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը։