12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
2021-ի Մարտի 15-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը նշում է Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից՝ Թալեաթ փաշայի ահաբեկման 100-ամյակը: ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն Թալեաթ փաշայի ահաբեկման 100-ամյակի նախօրեին իր խոնարհումն է հայտնում Սողոմոն Թեհլիրյանի, մեր բոլոր հին ու նոր նահատակների հիշատակի առջև: Կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ֆրեզնոյի Արարատ գերեզմանատուն և ծաղկեպսալ դրել Թեհլիրյանի հուշարձանին:
1921 թվականին Թեհլիրյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել նրան։ Արդարացված Թեհլիրյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945 թվականից հետո բնակություն է հաստատել նախ Կազաբլանկայում (Մարոկկո) եւ ապա ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։ Թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանոցում։ Ի հիշատակ Թեհլիրյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյի իր գերեզմանում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։
«Նման ազգը ու նման պատմություն կերտած ժողովուրդը և կազմակերպությունը չի կարող ենթարկվել, ընդունել և համակերպվել սեպտեմբերի 27-ի պատերազմով ձևակերպված մեր նոր իրականությանը: Նշվում է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
«Այս գործողությունը, որը իրականացուեց ՀՅԴ որոշումով և ՀՅԴ անդամ, 24-ամեայ Սողոմոն Թեհլիրեանի ձեռամբ, արդարութիւնը վերականգնելու և վրիժառու բազկով մեր լինելութեան, մեր գոյապայքարի ու մեր ազգային վերածնունդի մարմնացումը հանդիսացաւ 100 տարի առաջ և մնում է այդպիսին մինչ այսօր:
1919 թուին, ՀՅԴ 9-րդ Ընդհնուր Ժողոի որոշումով կեանք առած «Նեմեսիս» գործողութիւնները ոչ միայն Թուրքիոյ ցեղասպան դահիճներին և դարի մեծագոյն ոճիրի հեղինակներին էին ուղղուած այլ նաև մարմնացումն էր Արամ մանուկեանի միշտ այժմէական հետևեալ խօսքերին՝
«Մենք միայնակ ենք ու միայն մեր սեփական ուժերին ապաւինելով պէտք է պաշտպանենք մեր սահմանները դրսի թշնամուց և օրէնքի իշխանութիւն հաստատենք երկրից ներս»:
Գաղափարական յեղափոխականների փաղանգը որն ստեղծեց Հայաստանի առաջին անկախ հանրապետութիւնը խորապէս գիտակցում էր թէ արդարութեան վերահաստատումը չի կարելի յետաձգել և որ այն երաշխիքն է վաղուայ ժողովրդավարական, զարգացող, խաղաղ ու ապահով Հայաստանի:
«Նեմեսիս» գործողութիւնների և այդ ծիրից ներս Թեհլիրեանի հերոսական ակտը բնական շարունակութիւնն էր 1800-ականներից արդէն ծայր առած հայ ազատագրական պայքարի: Պայքար՝ որն միս ու արիւն ստացաւ Նիկոլ Դումանների, Անդրանիկ փաշաների, Գէորգ Չաւուշների, Նժդեհների, Շահէն Մեղրեանների, Պէտոների ու Թաթուլ Կրպէյեանների և այն բոլոր ազգային-յեղափոխական սերնդների շնորհիւ, որոնք ամէն գնով նուիրուեցին ազատ, անկախ ու միացեալ Հայաստանի գաղափարին:
Նման ազգը ու նման պատմութիւն կերտած ժողովուրդը և կազմակերպութիւնը չի կարող ենթարկուել, ընդունել և համակերպուել Սեպտեմբերի 27-ի պատերազմով ձևակերպուած մեր նոր իրականութեանը:
Մենք չունենք այլ ընտրութիւն: Մենք պէտք է հաւաքագրենք մեր ազգային ողջ ուժականութիւնը, դարձեալ ոտքի կանգնենք ու յաղթանակներ կերտենք ի դէմ մեր արտաքին թէ ներքին թշնամիների:
Նպատակս տկարութիւն չի ճանչնար:
ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն Թալէաթ փաշայի ահաբեկման 100-ամեակի սեմին իր խոնարհումն է յայտնում Սողոմոն Թեհլիրեանի, մեր բոլոր հին ու նոր նահատակների յիշատակի առջև:
Ազգ, Բանակ, Յաղթանակ»:
ՀՅԴ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ