Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 13-ին տեղի է ունեցել «Թատրոնը երեխաների աչքերով» գեղանկարչական աշխատանքների մրցույթի արդյունքների ամփոփումը։ Թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում ներկայացվել են դեռևս 2020 թվականի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված առցանց մրցույթի աշխատանքները։ Մրցույթը նպատակն է եղել համավարակի ընթացքում հնարավորինս մեծացնել երեխաների հետաքրքրությունը օպերային և բալետային արվեստների նկատմամբ։ Այս մասին հայտնում են Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի ծսռայությունից:
Առաջին մրցանակին արժանացել են Վարդգես Մկրտչյանը (11 տ.) և Արմինե Ավետիսյանը (12 տ.):
Երկրորդ տեղի մրցանակը տրվել է Սերժ Իշխանյանին (11 տ.):
Երրորդ տեղի մրցանակին արժանացել է Նարե Իսահակյանը (13 տ.):
Բացի այդ, թատրոնը հատուկ մրցանակների է արժանացրել Խոսրով Գևորգյանին (9 տ.), Վահե Սահակյանին (10 տ.), Յանա Խաչատրյանին (12 տ.), Սարգիս Նալբանդյանին (13 տ.), Մերի Խաչատրյանին (13 տ.), Ելենա Եփրեմյանին (4 տ.)։
Ցուցահանդեսի մասնակից երեխաները և նրանց ծնողները հնարավորություն են ունեցել մասնակցելու թատրոնում կազմակերպված ճանաչողական շրջայցին, ծանոթացել թատրոնի պատմությանը։
«Թատրոնը երեխաների աչքերով» ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլ։
Մրցույթի առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները և նրանց ծնողները հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացմանը։