կարևոր
2234 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-13 09:45

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել՝ վերահաստատելով աջակցությունը Արցախի Հանրապետության ժողովրդին

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել՝ վերահաստատելով աջակցությունը Արցախի Հանրապետության ժողովրդին

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 9-ը հռչակել է ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակաի օր և ժամանակավորապես կասեցրել Լոս Անջելես-Շուշի բարեկամության ծրագիրը մինչև քաղաքի վերազատագրումը բռնազավթումից

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը՝ խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի առաջարկությամբ և Միթչ Օ՛Ֆարելի աջակցությամբ, միաձայն բանաձև է ընդունել, որով վերահաստատում են Լոս Անջելես քաղաքի աջակցությունը Արցախի Հանրապետության ժողովրդին։ Բանաձևն ընդունվել է 2021 թվականի փետրվարի 2-ին և ուժի մեջ մտել մեկ ամիս անց՝ պայմանավորված ընթացակարգով։ Բանաձևում նշվում է․

«Լոս Անջելես քաղաքը մշտապես աջակցել է Արցախի Հանրապետության (նախկինում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) էթնիկ և մշակութային առումներով տարածաշրջանում բնիկ հայ ժողովրդին, որը քաջաբար հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից և Խորհրդային Ադրբեջանից 30-ից ավելի տարի առաջ և բռնեց ժողովրդավարության ճանապարհը։ Արցախի ժողովրդի պատմական պայքարը, ներառյալ 1991-94թթ․ հաղթանակով պսակված անկախության համար պատերազմը, նման է ժողովրդավարական պետություն կերտած բոլոր ժողովուրդների պայքարին, որոնք ձգտել են ժողովրդավարական պետություններ ստեղծել՝ ազատ ընտրությունների ճանապահով ազատության և ինքնորոշման արժեքներ որդեգրած, ներառյալ ԱՄՆ-ի հիմնադիրները»։

Բանաձևում հղում է արվում 2013 թվականին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից պաշտոնապես միաձայն ընդունված փաստաթղթին, որով Արցախի Հանրապետությունը ճանաչվեց՝ իբրև ազատ, անկախ և ինքնիշխան պետություն։ Նույն փաստաթղթում Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունը վերահաստատում է 2020 թվականի դեկտեմբերին ընդունած փաստաթուղթը, որում նշվում է, որ « Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը վերահաստատում է նվիրվածությունը Արցախի Հանրապետության պայքարին աջակցելու առաքելությանը և նրա ժողովրդի ինքնորոշմանը՝ կոչ անելով նաև ԱՄՆ դաշնային իշխանությանը հետևել իր օրինակին»։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան, Ադրբեջանի զինված ուժերը, շփման գծի ամբողջ երկայնքով, լայնածավալ ռազմական հարձակում սկսեցին Արցախի Հանրապետության նկատմամբ՝ Թուրքիայի աջակցությամբ՝ խախտելով 30 տարվա զինադադարը և վերսկսելով լայնածավալ պատերազմ՝ թիրախավորելով և էթնիկ զտման ենթարկելով հայ ժողովրդին և բռնազավթելով Արցախի Հանրապետության տարածքները», նշված է փաստաթղթում։ Բանաձևում փաստվում է նաև, որ ռազմական հարձակման ընթացքում Ադրբեջանական զինուժը նպատակային թիրախավորում էր Արցախի խաղաղ բնակավայրերը՝ մահացու հարվածներ հասցնելով թռչող անօդաչու սարքերով, հրթիռներով, ծանր զրահատեխնիկայով, ինչը հանգեցրեց անմեղ զոհերի և ավերածությունների, ինչպես նաև արցախցիների մեծ մասի տեղահանմանը։ «Ադրբեջանական զինուժը և նրանց վարձած ահաբեկիչները սարսափելի ոճրագործություններ են իրականացրել՝ ներառյալ սպանություն, անդամահատում, կտտանք խաղաղ բնակչության և ռազմագերիների նկատմամբ, պղծել են սրբավայրեր և պատմամշակութային կոթողներ, ինչպես նաև՝ քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացում», արձանագրել են Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամները։

Բանաձևում ասվում է նաև, որ խաղաղ բնակչությանն ահաբեկելու համար Ադրբեջանը կիրառել է կասետային ռումբեր և միջազգային հանրության կողմից արգելված այլ զինատեսակներ, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆոր։ «Լայնածավալ ռազմական գործողություններն ավարտվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին, այդուհանդերձ, Ադրբեջանի զինված ուժերը շարունակում էին վայրագությունները, ագրեսիան, դաժանությունները անգամ այդ օրվանից հետո», նշված է փաստաթղթում։

Միաձայն ընդունված հռչակագրում Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունը «հարգելով հարձակմանը զոհ գնացած հազարավոր նահանտակներին և խոնարհվելով նրանց հիշատակի առաջ, նոյեմբերի 9-ը հռչակում է Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային զոհ գնացած հազարավոր հայերի հիշատակի օր»։

Նույն օրը Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը մեկ այլ բանաձև է ընդունել՝ կապված Շուշիի հետ։ Ինչպես հայտնի է, դեռևս 2012 թվականի Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունը Շուշին հռչակել էր «բարեկամ քաղաք»։ Նույն բանաձևում նշվում է, որ «Արցախի մշակութային սիրտը՝ դարավոր Շուշին, մեծ կարևորություն ունի աշխարհասփյուռ հայերի համար»։

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով ավերվեցին նաև մշակութային բազմաթիվ կոթողներ։ «Լքված լինելով միջազգային հանրության կողմից և դիմակայելով Արցախի գոյության նկատմամբ սպառնալիքին և հայ ժողովրդի նկատմամբ ևս մեկ ցեղասպանության վտանգին, Հայաստանը ստորագրեց հրադադարի հայտարարություն՝ Ռուսաստանի միջնորդությամբ, որը Ադրբեջանին թույլ տվեց հսկողության տակ վերցնել Արցախի մի զգալի մասը և Շուշի քաղաքը», գրված է բանաձևում։ Հետևաբար, Լոս Անջելես քաղաքը ժամանակավորապես կասեցնում է Շուշի քաղաքի հետ «բարեկամ քաղաք» հարաբերությունն այնքան ժամանակ, քանի դեռ այն ապօրինաբար գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ։ Այդ կարգավիճակը կվերահաստատվի, երբ Շուշին ազատ կլինի ադրբեջանցիների բռնազավթումից և կվերականգնվի ժողովրդավարական Արցախի Հանրապետության կազմում», գրված է բանաձևում։

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը նաև զորակցություն է հայտնել Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանին և քաղաքի՝ ժողովրդավարական ընտրություններով ընտրված ամբողջ ղեկավարությանը՝ սպասելով ադրբեջանական բռնազավթումից Շուշիի ազատագրման օրվան։