կարևոր
1138 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-12 16:47

Բազմաթիվ զբոսաշրջիկներ Արցախ այցելելու ցանկություն են հայտնել. փորձագետները գնահատում են իրավիճակը

Բազմաթիվ զբոսաշրջիկներ Արցախ այցելելու ցանկություն են հայտնել. փորձագետները գնահատում են իրավիճակը

Բազմաթիվ զբոսաշրջիկներ ցանկություն են հայտնել այցելելու Արցախ և տեղում տեսնելու առկա իրականությունը: Այս մասին մարտի 12-ին հրավիրված ասուլիսում տեղեկացրեց տուրիզմի ոլորտի փորձագետ Ռիմա Խաչատրյանը:

«Այլ հարց է, թե որքանով են այժմ անվտանգ Արցախի զբոսաշրջային երթուղիները: Առաջիկայում պատրաստվում եմ անձամբ մեկնել Արցախ՝ հասկանալու՝ ինչպես մշակել դեպի Արցախ երթուղին, որպեսզի զբոսաշրջիկների համար լինի ապահով ու անվտանգ: Այս թեման նաև լուսաբանման անհրաժեշտության կարիք ունի, որպեսզի միասին հասկանանք երթուղու որ հատվածներում մենք չենք ունենալու զբոսաշրջիկների անվտանգության խնդիր»,-ասաց Խաչատրյանը:

Հայաստանի զբոսաշրջային գործակալությունների ներկա խնդիրներից փորձագետը նշեց նաև մասնագետների հեռանալը ոլորտից: Ըստ նրա՝ կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների հետևանքով զբոսաշրջության աշխատատեղերը կրճատվել են, իսկ մասնագետները ստիպված էին այլ ոլորտներում աշխատանք գտնել: Այդ պատճառով ներկայում ոլորտում մասնագետների խնդիր է առաջացել:

Քննարկվող՝ «Տուրիզմ. այսօր որքանո՞վ են անվտանգ ՀՀ-ն ու Արցախը զբոսաշրջիկների համար: Ի՞նչ փոփոխություններ են կրել տուրօպերատորների ծրագրերը՝ կապված գրավյալ տարածքներ այցելելու անհնարինության հետ: Արտագնա տուրիզմ: Հոգեբանական բարդույթներ՝ կապված սահմանամերձ շրջաններ այցելելու հետ» թեմայի համատեքստում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարևորեց պաշտոնական հստակ  տեղեկատվության անհրաժեշտությունը՝ անվտանգության հարցերի վերաբերյալ:

«Տարատեսակ տեղեկատվական հոսքերի արդյունքում՝ նույնիսկ խառնաշփոթ կարող է ստեղծվել: Պետք է լինի հստակ պաշտոնական տեղեկատվություն»,-ասաց Ապրեսյանը՝ կարևորելով զբոսաշրջային այցելությունները, մասնավորապես, դեպի Արցախ: Նրա խոսքով՝ վիճակագրական տվյալները վկայում են, որ զբոսաշրջիկների հետաքրքրությունն Արցախի նկատմամբ գնալով աճել է:

Դեռևս 2019 թվականին գրեթե 50 տոկոսով աճել էր միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը՝ դեպի Արցախ: Այդ վիճակագրական աճը շարունակական էր: «Համոզված եմ, որ միջազգային զբոսաշրջային շուկայի հետաքրքրությունն Արցախի նկատմամբ հիմա էլ պահպանվում է: Արցախի զբոսաշրջային արդյունքը բազմազան է՝ պատմամշակութային ճանաչողական, գաստրո և գյուղական զբոսաշրջություն, համակցված զբոսաշրջային հետաքրքիր արդյունքներ ձևավորելու և ներկայացնելու առումով: Արցախի և Հայաստանի միջև ստեղծված է միջանցք, որով պետք է ապահովվի անվտանգ ու անխափան երթևեկություն բոլորի՝ այդ թվում նաև զբոսաշրջիկների համար: Արցախի պարագայում՝ զբոսաշրջությունը շատ կարևոր է առանձնապես հումանիտար խնդիրների լուծման համար»,-ասաց Ապրեսյանը՝ հավելելով,որ պետության կողմից անվտանգության ապահովումն ու հստակ տեղեկատվությունը, գործարար հանրությանը հնարավորություն կտա իրականացնելու ներդրումային ծրագրերն ու գործունեությունը:

Անդրադառնալով զբոսաշրջիկների՝ սահմանամերձ շրջաններ այցելելու հոգեբանական բարդույթներին՝ հոգեբան Իրինա Ծատուրյանն օրինակ բերեց պատերազմից հետո դեպի Դադիվանք ուխտագնացների ու զբոսաշրջիկների մեծ հոսքը՝ չնայած վտանգների հավանականությանը:

«Կորոնավիրուսի համավարակի և պատերազմի հետևանքով սահմանափակվել է նաև մարդկանց տեղաշարժը, ճանապարհորդելու հնարավորությունը: Զբոսաշրջությունը հոգեբանորեն մարդուն ազատության զգացում ու դրական զգացմունքներ է հաղորդում»,-ասաց հոգեբանը՝ հավելելով,որ սահմանային տարածքների դեպքում՝ շատ կարևոր է այնպիսի ճանապարհային միջանցքի ստեղծումը, որի միջոցով հայ մարդը կկարողանա այցելել և հաղորդակցվել իր ազգային ու մշակութային արժեքների հետ:

Բանախոսները հետպատերազմյան ու համավարակային ժամանակահատվածում զբոսաշրջության խնդիրների հաղթահարման և ոլորտի վերականգման ու զարգացման  առաջնահերթություններից են համարում նաև Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ տեղեկատվության ձևավորումն ու ներկայացումն արտերկրում: Բացի այդ՝ պետական աջակցության անհրաժեշտություն են տեսնում: Ըստ այդմ՝ նրանք կարևորում են հարկային արտոնություններն ու պետական սուբսիդավորումների ձևաչափը:

Զբոսաշրջության փորձագետ Ռիմա Խաչատրյանը հավելեց, որ զբոսաշրջային փաթեթների մշակման, ծրագրավորման համար կանոնավոր ավիաչվերթների ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհրաժեշտություն է զգացվում համապատասխան  ընկերությունների կողմից: