08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Գերեվարված Մարալ Նաջարյանը մարտի 10-ին ազատ արձակվելուց և Բեյրութ վերադառնալուց հետո հարցազրույց է տվել լիբանանյան «Արարատ» օրթաթերթին և մանրամասներ պատմել իր գերի ընկնելու մասին։
«Սեպտեմբերի 16-ին ենք ցանկացել գնալ Արցախում հաստատվել: Երբ պատերազմը սկսեց, ես և քույրս վերադարձանք Երևան։ Իսկ Վիգենը՝ նշանածս, կամավորագրվեց Մարտունու շրջանում։ Նոյեմբերի 10-ին, երբ լսեցի, որ Շուշին գրավել են, նշանածիս հետ որոշեցի գնալ Շուշի և մեր իրերը բերել», - պատմել է նա։
Մարալի խոսքով՝ նախ գնացել են Բերձոր, հետո Շուշի, սակայն Շուշիի մուտքի մոտ հասնելուն պես տեսել են, որ փակ է ճանապարհը, նրանց մոտեցել են ադրբեջանցի զինվորականներ.
«Սկզբում մեր հեռախոսները վերցրին մեր ձեռքից, հետո դրամապանակները և մյուս իրերը։ Այնուհետև մեզ իրենց մեքենաներով տարան այլ ուղղությամբ», - պատմեց Մարալը։
Մարալ Նաջարյանը պատմում է, որ իրենց տեղափոխել են Բաքու և բանտում պահել, որտեղ էլ նրանց հարցաքննել են։
«Մինչև փետրվարի 12-ը ոչ ոքի հետ տեսակցություն չի եղել, ինձ առանձին սենյակում էին պահում։ Փետրվարի 12-ին Կարմիր խաչից երկու կանայք եկան ինձ մոտ և հարցազրույց ունեցան ինձ հետ։ Ինձ ասացին, որ մոտ ժամանակներս պետք է ազատվեմ։ Ուրախությանս չափ չկար, նրանք ինձ հույս տվեցին», - պատմեց նա։
Մարտի 10-ի առավոտյան Մարալին օդանավակայան են ուղեկցել Կարմիր խաչի ներկայացուցիչները, ինչից հետո էլ նա վերադարձել է Բեյրութ։
Հարցազրույցի վերջում Մարալ Նաջարյանը շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Լիբանանի Արտաքին գործերի նախարարությանը, ՀՅԴ Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական կոմիտեին, մյուս կուսակցություններին և Հայաստանին՝ ստացած աջակցության համար։