ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ին տարածած հայտարարությամբ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի քննարկման և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին, ժամը 12:00-ին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայրում:
Հայտարարության մեջ նշված էր, որ նախագահի աշխատակազմն ակնկալում է մինչև ս/թ մարտի 11-ի ժամը 18:00-ն հրավիրյալներից արձագանք ստանալ հանդիպման մասնակցության վերաբերյալ:
ՀՀ ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը համաձայնություն է տվել մասնակցելու նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած հանդիպմանը՝ երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման և լուծումներ գտնելու համար: «Այսօր նախագահի աշխատակազմին տեղեկացրել եմ, որ ընդունում ենք նախագահի հրավերը և պատրաստակամ ենք մասնակցել նախագահի նախաձեռնած հանդիպմանը»,- ասել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս նշել է, որ ընդունում են հրավերը:
Դեռևս արձագանք չկա վարչապետից:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և «Հայրենիքի փրկության շարժումը» դեռ չեն քննարկել հարցը: