Այսօր կայացած կառավարության նիստի չզեկուցվող օրենսդրական նախաձեռնություններին է անդրադարձել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Նա գրել է, որ հավանություն է տրվել հակասահմանադրական օրենսդրական մի նախաձեռնության, որով Մարդու իրավունքների պաշտպանի անկախության երաշխիքները վտանգի տակ են դրվում:
«Կառավարությունը որոշել է «պատժել» Մարդու իրավունքների պաշտպանին լավ աշխատանքի համար և զրկել նրան ֆինանսական ինքնուրույնության սահմանադրական երաշխիքից՝ հույս ունենալով կախվածության միջոցով վերահսկել ՄԻՊ աշխատանքը։
Արհեստավարժ և նվիրված աշխատանքը Կառավարության համար անընդունելի է։ Երևի, ըստ նրանց, պետք է գործ չանել և լինել մասնագիտորեն չկայացած, որպեսզի Կառավարության աչքին «լավը» լինես։
Վերացվում է Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական ինքնուրույնության սահմանադրական երաշխիքը՝
«Յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից» ֊ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենք, Հոդված 8»,- գրել է Սիմոնյանը
Պատգամավորը վստահեցնում է, որ ինչպես ՄԻՊ-ին, այնպես էլ այս փաթեթով այլ ոլորտներին վերաբերող նախաձեռնությունները հակասահմանադրական, հակապետական, հակաազգային են։
«Եթե Կառավարությունն իր կցորդ «Իմ քայլը» խմբակցությամբ անցկացնի այս օրենսդրական նախաձեռնությունները, ապա այս հարցը պետք է դառնա Սահմանադրական դատարանի քննության առարկա»,- հայտարարել է Տարոն Սիմոնյանը։
Նիստի օրակարգի 17-րդ կետում ընդգրկված օրենսդրական փաթեթով առաջարկվել էր «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել, որոմ սահմանված էր․
«Յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով»։
Ֆինանսների նախարարության առաջարկով՝ ՄԻՊ-ին ֆինանսավորելիս պարտավոր չեն նախորդ տարվա ֆինասավորման չափ կամ ավելի հատկացնել։ Այսինքն՝ կկարողանան նաև պակաս ֆինանսավորել։ Նախագծի հեղինակները համոզված են, որ այս մոտեցումը բխում է կառավարության 2019թ.-ի ծրագրից, բյուջետային համակարգի միասնականության, օգտագործման արդյունավետության սկզբունքներից, նշված է Նախագծի հիմնավորման մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նախագծի վերաբերյալ առարկություններ է ներկայացրել, որոնք չեն ընդունվել:
Օրենքի նախագիծը նախնական տեսքով կառավարությունը հաստատեց։