կարևոր
1837 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-11 11:40

Դատարանը վարույթ է ընդունել է Տիրան Խաչատրյանի դիմումը. հայտնի է դատական նիստի օրը

Դատարանը վարույթ է ընդունել է Տիրան Խաչատրյանի դիմումը. հայտնի է դատական նիստի օրը

Վարչական դատարանը մարտի 10-ին վարույթ է ընդունել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի դիմումը` իրեն պաշտոնից ազատելու նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: 

Ինչպես հաղորդել էինք, մարտի 3-ին Տիրան  Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ 24.02.2021 թվականի «Տիրան Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին» թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանին:

Գործին որպես երրորդ կողմ ներգրավվել են ՀՀ վարչապետը և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Նախնական դատական նիստը տեղի կունենա ապրիլի 29-ին ժամը 11:00-ին: 

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, 2021թ. փետրվարի 24-ին հրամանագրով Տիրան Խաչատրյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: