կարևոր
1008 դիտում, 7 ամիս առաջ - 2021-03-10 19:21

Վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին հրավիրում եմ հանդիպման. Արմեն Սարգսյան

Վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին հրավիրում եմ հանդիպման. Արմեն Սարգսյան

Երկրում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, իրավիճակը մնում է լարված, ինչը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ մեր պետության և պետականության համար: Այս մասին ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տարածած հայտարարության մեջ:

«Խնդիրները շատ են, դրանց լուծումը պահանջում է նաև հրատապ և համակարգային փոփոխություններ, այդ թվում՝ սահմանադրական և օրենսդրական:

Թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումները: Սակայն, բացակայում են փոխըմբռնումը և միմյանց ընդառաջ գնալու ցանկությունը: Ավելին, հաճախակի են դարձել անհանդուրժողականության կոչերը:

Ստեղծված պայմաններում իմ միակ նպատակը եղել և մնում է երկիրը ցնցումներից զերծ պահելը և կանխելն այնպիսի իրավիճակի ստեղծումը, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:

Պետության և ժողովրդի շահերից ելնելով՝ իրավիճակի հանգուցալուծումն այլևս անհետաձգելի և հրամայական պահանջ է:

Առաջնորդվելով համապետական ու համազգային շահերով՝ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին ս/թ մարտի 13-ին ժ. 12:00-ին հրավիրում եմ հանդիպման նախագահական նստավայրում:

Վերահաստատում եմ համոզմունքս, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են, իսկ Հայաստանի և Արցախի զարգացման միակ ճանապարհը՝ բոլորիս և յուրաքանչյուրիս ջանքերի ու հնարավորությունների համախմբումը»,- ասված է հայտարարության մեջ:

Հանրապետության նախագահի աշխատակազմն ակնկալում է մինչև ս/թ մարտի 11-ի ժամը 18:00-ն հրավիրյալներից արձագանք ստանալ հանդիպման մասնակցության վերաբերյալ: