Այս շենքում նստած խելագարը ամեն օր տապալում է մեր երկրի սահմանադրական կարգը: Այս մասին ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հանրահավաքից հետո երթի ժամանակ, որը կանգ առավ Կառավարության շենքի առջև։ Իշխան Սաղաթելյանը արձանագրեց, որ այսօր շարժումը ևս մեկ պատասխանատվություն ստանձնեց՝ մեր երկրում սահմանադրական կարգը վերականգնել և պահպանել։
«Եթե վարչապետի աթոռին հայտնված անձը շարունակ ոտնահարում է երկրի Սահմանադրությունը՝ յուրացնելով իշխանությունը, հետևողականորեն ձեռնարկում է ապօրինի քայլեր, ժողովրդի բնական իրավունքն է ապստամբել այդ կառավարության դեմ»,-իր դիրքորոշումը վերահաստատեց Իշխան Սաղաթելյանը։ Լրագրողը նկատեց, որ այսօրինակ խոսքերի համար Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցեցին։
«Մենք հայրենիք ենք կորցրել, դուք ինձ ինչ-որ քրեական գործո՞վ եք վախեցնում: Մինչև վերջին շունչս պայքարելու եմ նիկոլիզմի դեմ Հայաստանում ու որևէ քրեական գործով չփորձեք վախեցնել,-հակադարձեց Իշխան Սաղաթելյանը։
Նա ասաց, որ պետք է Նիկոլ Փաշինյանին ձերբակալեն հայրենիքը ծախելու, դավաճանելու, այսքան զոհերի ու ամեն ինչի համար։
«Նիկոլը իրավունք ունի՞ Սահմանադրությունից խոսի․ երկրի սահմանադրական կարգը Նիկոլը Արմեն Սարգսյանի հետ տապալել է, մենք նաև պայքարում ենք այդ կարգը վերականգնելու համար։ Դուք ինձ քրեական գործերո՞վ եք վախեցնում․ արդեն 4 հատ կա, մի հատ էս կողմ, էն կողմ․․․ էական չէ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Ուրեմն լսի, Նիկո՛լ, քեզ թույլ չենք տալու, տապալելով մեր երկրի սահմանադրական կարգը, հաստատել մեկ մարդու դիկտատուրա։ Եթե քեզ հաջողվի, չնայած վստահ եմ, որ չի հաջողվելու, մեկ-երկու զինվորականի աշխատանքից հեռացնել, միևնույն է, չես կարող հայկական զինված ուժերը ենթարկել քո դավադիր ծրագրերին։ Հանուն երկրի, հանուն հայ ժողովրդի, հանուն Արցախի, հանուն հայրենիքի փրկության դու պետք է հեռանաս և վերջ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը Կառավարության դիմաց։
Նա նշեց, որ այդ շենքում նստած մարդը արդեն հայ ժողովրդի թշնամին է։