Ուզում եմ ներողություն խնդրել, որովհետեւ ես 2018 թվականին եղել եմ Արմեն Սարգսյան կոչեցյալի նախագահության համար կողմ քվեարկողներից մեկը՝ թեեւ խիղճս հանգիստ է․ չեմ գովել, ուրախ չեմ եղել, բայց մտածել եմ, որ մարդը գուցե ունի անցած ճանապարհ, իսկ ես՝ երիտասարդս, իրավունք չունեմ ինչ-որ մեկի անցած ճանապարհը։ Արմեն Սարգսյանը վաստակել է դավաճանի պիտակը։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Չկա մարդ, որը չի սխալվում, բայց կան իրավիճակներ, որոնցում դու պետք է հասկանաս, որ քո սխալը ծայրահեղ բարձր գին ունի։ Պատերազմից հետո բոլոր պաշտոնյանների արարքների գինը չափազանց բարձրացրել է։ Վարչապետ կոչեցյալի սխալը հազարավոր հայորդիների գին արժեցավ, ու մենք այսօր կանգած ենք պետականության կորստի առաջ։ Արմեն Սարգսյանն այս տարիների ընթացքում բազմիցս մոռացել է, թե ինչ պետք է անի եւ մոռացել է պետական շահի մասին։ Նա նախագահ է աշխատում Նիկոլ Փաշինյանի մոտ։ Ես կխնդրեմ, որ այն տիտղոսը, որը դուք ասում եք Նիկոլին՝ դավաճան, իրեն եւս ասեք, որովհետեւ նա վաստակել է դավաճանի պիտակը, որովհետեւ ինքն անգամ չկարողացավ իր խոսքի տերը լինել՝ ասաց սահմանադրական չէ Օնիկ Գասպարյանի ազատումը, բայց հետո այդ մասով չդիմեց Սահմանադրական դատարան։ Նա դավաճանել է բոլորիդ վստահությունը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ վարչական դատարանը կարող է չեղարկել Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը։