կարևոր
1975 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-10 18:21

Այն սպան կամ զինվորականը, որը կհամաձայնի ընդունել այս առաջարկը, պարզապես գետնով կտա սպայի ուսադիրների արժանապատվությունը․ Իվետա Տոնոյան

Երկու օր առաջ եմ վերադարձել Սյունիքից և այնտեղ գործող իշխանությունից որևէ ներկայացուցիչ չկար: Այս մասին Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Շուռնուխում՝ Ադրբեջանի զինուժից ընդամենը 20 մետր հեռավորության վրա, սյունեցիները բարձունքի վրա էին բարձրացնում դրոշ, որպես հայի արժանապատվության խորհրդանիշ, այդ միջոցառմանը չկար իշխանության ներկայացուցիչ: Այսօր իշխանությունը բացել է Սյունիքի դռները և ասում է՝ էստի համեցեք, զոդում է  ԱԺ-ի դարպասները, ի՞նչ անուն տալ այս իշխանություններին»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Նա շեշտեց՝ ԱԱԾ-ն չի իրականացնում իր բուն գործառույթները, մինչդեռ այդ ժամանակ արտասահանցի գործակալները լրտեսություն են իրականացնում:

«ԱԱԾ- բազմաթիվ խնդիրները լուծելու փոխարեն, բուն գործառույթներով զբաղվելու փոխարեն, բնակվում է մեզանից յուրաքանչյուրի հեռախոսում, իսկ այդ ժամանակ  մեր երկրում միջազգային առաքելություն իրականացնող գրասենյակի պատասխանատուն իրականացնում է լրտեսություն՝ Ադրբեջանի օգտին»,-նշեց Իվետա Տոնոյանը:

Պատգամավորը նաև նշեց՝ ամաչում է իր պատգամավորի կարգավիճակից, քանի որ նման կարգավիճակ են կրում նաև այն պատգամավորները, որոնք տնտեսական ապրանքների համար ստեղծված մուտքից են մտնում ԱԺ:

«Ամաչում եմ, որ կոչվում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր և նույն պաշտոնը զբաղեցնում են նաև մարդիկ, ովքեր այսօր  կարտոֆիլի և տնտեսական ապրանքների համար նախատեսված մուտքից են մտել այս շենք, դա նորմալ չէ»,- ասաց պատգամավորը:

Իվետա Տոնոյանը նաև անդրադարձավ Արմեն Սարգսյանին՝ նրան համեմատելով սովետական մուլտֆիլմի պաղպաղակ բաժանող հերոսի հետ:

«Խոսքս ուղղում եմ նաև Արմեն Սարգյանին, որը ուներ բացառիկ հնարավորություն «Սոյուզ մուլտֆիլմի» հայտնի պաղպաղակներ բաժանող հերոսից վերջապես դառնալ քաղաքական ու պետական մտածողություն ունեցող պաշտոնյա, բայց բաց թողեց այդ հնարավորությունը»,- մեկնաբանեց պատգամավորը:

Անդրադառնալով ԳՇ նոր պետ նշանակելու հարցին, Տոնոյանը նշեց, որ այն սպան և այն զինվորականը, որը կհամաձայնի  ընդունել այս առաջարկը, ով Նիկոլ Փաշինյանի կողմից կնշանակվի  ԶՈՒ ԳՇ պետ, նա պարզապես գետնով կտա սպայի ուսադիրների արժանապատվությունը և այստեղ 2-րդ կարծիք չկա։