կարևոր
495 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-10 17:30

Նիկոլ Փաշինյանը վտանգ է Հայաստանի համար․ այդ կարծիքը հայտնեց ամբողջ բանակի ղեկավարությունը․ Վազգեն Մանուկյան

Նիկոլ Փաշինյանը վտանգ է Հայաստանի համար․ այդ կարծիքը հայտնեց ամբողջ բանակի ղեկավարությունը․ Վազգեն Մանուկյան

Ընդդիմությունը ունի մեկ նպատակ՝ Նիկոլ Փաշինյանին հանել այնտեղից․ բանակի դիրքորոշումը բարենպաստ է դրա համար և բանակի դիրքորոշումը մնացել է նույնը։ Այս մասին հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում։

«Օնիկ Գասպարյանը դուրս է եկել, տվել է վարչական դատարան, ինչ ձևերով այդ հարցերը պիտի լուծվեն՝ դա իրավաբանների հարց է։ Մեր խնդիրն ու նպատակը ի սկզբանե, անկախ նրանից՝ բանակն ինչ հայտարարություն էր արել, մենք հայտարարել էինք, որ նպատակը Նիկոլ Փաշինյանին հանելն է։ Նպատակը մնացել է»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա նկատեց, որ Փաշինյանին թվում էր՝ եթե հանի Օնիկ Գասպարյանին, ամեն ինչ նորմալ կլինի, բայց այդպես չեղավ, որովհետև բանակը վերահաստատեց իր կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը վտանգ է Հայաստանի համար․ այդ կարծիքը հայտնեց ամբողջ բանակի ղեկավարությունը, և առանձին որոշ կորպուսների ղեկավարներ վերահաստատեցին։

«Ի սկզբանե՝ փետրվարի 25-ին, բանակը չհայտարարեց, որ գործողություններ է անելու, հայտարարեց, որ ինքը գտնում է, որ Հայաստանի անվտանգության համար սպառնալիք է Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ լինելը, և դա սկսեց ընկալվել որպես Օնիկ Գասպարյանի թելադրանքը բանակին։ Բայց հիմա Օնիկ Գասպարյանը դուրս եկավ՝ բանակը շարունակում է պնդել նույնը։ Այդ տեսակետից՝ ոչ մի բան էլ չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին»,-մեկնաբանեց Վազգեն Մանուկյանը։

Հարցին՝ հիասթափվա՞ծ է Օնիկ Գասպարյանից, Վազգեն Մանուկյանը պատասխանեց՝ հիասթափվածը ո՞րն է, ես մի քիչ ուրիշ ձևի ինձ կպահեի, ինքն այդ ձևի է պահում՝ ինքը զինվորական մարդ է, և ի սկզբանե որոշել էին իրենք, որ բանակը չի խառնվելու քաղաքականությանը, այլ ուղղակի անելու է այդ հայտարարությունը և մնացել են իրենց դիրքերի վրա։

Մանուկյանը արձանագրեց, որ Օնիկ Գասպարյանին հանելու ամենավճռական քայլը կատարեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ ՀՀ նախագահը, որովհետև նրա իրավասության տակ էր այդ առաջարկը ուղարկել Սահմանադրական դատարան, բայց ինքը չուղարկեց։