կարևոր
1444 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-10 16:54

Կառավարության որոշումով՝ բարձրագույն հրամանատարական կազմի մեջ է մտցվել նաև ԳՇ պետը՝ առաջացնելով ակնհայտ անհասկանալի վիճակ. Արծվիկ Մինասյան

Կառավարության որոշումով՝ բարձրագույն հրամանատարական կազմի մեջ է մտցվել նաև ԳՇ պետը՝ առաջացնելով ակնհայտ անհասկանալի վիճակ. Արծվիկ Մինասյան

Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շարունակում են փակ պահել ԱԺ մուտքերը: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն անդրադարձավ իրավաբանների ու իշխանամերձ շրջանակների՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատման վերաբերյալ  տեսակետներին՝ նկատելով. «Տարբեր իրավաբաններ ներկայացնում են տարբեր մոտեցումներ՝ սկսած նրանից, որ որևէ մեկն իրավունք չունի Օնիկ Գասպարյանին 5 տարվա ընթացքում պաշտոնից ազատելու, ավարտված նրանով, որ, այնուամենայնիվ, ինչպես որ իշխանահաճո արտահայտություններն են, թե Նիկոլ Փաշինյանը դրա իրավունքն ունի միանշանակ, այդ թվում՝ նաև երեկվա նախագահի հայտարարության ներքո էր այդ պատասխանատվությունը դրված Նիկոլ Փաշինյանի վրա»:

Արծվիկ Մինասյանը, սակայն, հիշեցնում է ՀՀ Սահմանադրությունը. «Երեք հիմնական հոդված կա զինված ուժերին վերաբերող: Առաջին հոդվածն ասում է, թե ԶՈՒ-ն սահմանադրական կարգի հիմունքներում ինչ դերակատարություն ունի: Արդեն նշեցինք՝ զինված ուժերը երաշխավորում են ՀՀ տարածքային ամբողջականությունը, պաշտպանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և անվտանգությունը, և, ինչպես նշեցինք, միակ հիմնական ինստիտուտն է:

Երկրորդ հոդվածը վերաբերում է նախագահի լիազորություններին բարձրագույն հրամանատարական կազմի նշանակման և ազատման հարցերում. այն է՝ բարձրագույն հրամանատարական կազմի անդամներին կոչումների շնորհումը և նրանց պաշտոնին նշանակումն ու ազատումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով և դեպքերում վարչապետի առաջարկությամբ՝ նախագահի կողմից:

Եվ վերջապես, երրորդ հոդվածը, որում ասում է, որ զինված ուժերը գտնվում են կառավարության ենթակայության ներքո, զինված ուժերի ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որը պաշտոնի է նշանակվում  օրենքով սահմանված ժամկետում: Երրորդ՝ այս կարևոր հոդվածում խոսք չկա հրամանատարության մասին:

Պաշտպանության մասին օրենքը, հիմնվելով այս երրորդ կարևոր հոդվածի վրա՝ Սահմանադրության 155 հոդվածի վրա, ամրագրում է, որ ԶՈՒ ԳՇ պետ նշանակվում է հինգ տարով և կարող է ոչ ավելի, քան երկու անգամ նշանակվել: Ինչո՞ւ է ամրագրված այս նորմը, որպեսզի, քաղաքական տարբեր ցանկություններով պայմանավորված, այս ինստիտուտը չխաթարվի. հանկարծ չարթնանա մեկը, ինչպես որ այսօր ենք մենք տեսնում, ու ասի՝ քանի որ իմ դուրը չի գալիս ԶՈՒ ԳՇ պետը, ուրեմն պետք է ազատվի»:

Քաղաքական գործիչը նշեց նաև, որ կառավարության որոշումով բարձրագույն հրամանատարական կազմի մեջ է մտցվել նաև ԳՇ պետը՝ առաջացնելով ակնհայտ անհասկանալի վիճակ, երբ մի կողմից, որպես անմիջական հրամանատար, նա ենթակա է Սահմանադրության երկրորդ մասում նշված կարգավորմանը, մյուս կողմից, որպես ԳՇ պետ, երաշխավորված 5 տարվա ժամկետ ունի:

«Արդյո՞ք սա նշանակում է, որ ընդհանրապես չի կարող ազատվել ԳՇ պետը. ո՛չ, որովհետև նույն Զինծառայության մասին օրենքի 40-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ տալիս է, թե որ հիմքերում ընդհանրապես պայմանագրային զինծառայողը կարող է ազատվել աշխատանքից, այդ թվում՝ հիվանդության, կա՛մ զինվորական ուժերից արձակվելու դեպքերում, կա՛մ այլ վայր աշխատանքի տեղափոխվելու, կա՛մ այլ աշխատանքի առաջարկ ընդունելու և այլ այսպիսի բազմաթիվ դեպքերում, բայց չկա որևէ բան, որը հնարավորություն տա ազատելու այս կետերից որևէ մեկով ԳՇ պետին՝ առանց ներկայացնելու էդ հիմքերը:

Իշխանությունները վկայակոչում են նույն 40 հոդվածի երրորդ մասը, որը, ի դեպ,  իրենք են փոփոխություն ենթարկել, և այս նախագահն է ստորագրել, և որը հիմա վիճարկվում է, և դա արել են այն ժամանակ, երբ փորձում էին Մովսես Հակոբյանի խնդիրը լուծել: Գրել են մի նախադասություն, որ կարող է բարձրագույն հրամանատարական կազմի հրամանատարներին, անձանց ազատել առանց հիմքի, սա ուղիղ հակասում է Սահմանադրության Աշխատանքի ազատության իրավունքին, որովհետև Սահմանադրությամբ ամրագրված է՝ որևէ անձ չի կարող անհիմն ազատվել աշխատանքից: Ազատման հիմքերը նշվում են օրենքով»,- պարզաբանեց Արծվիկ Մինասյանը: