կարևոր
1290 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-10 11:04

ՄԱԿ-ի խոսնակը մեկնաբանել է Հաայստանում ՅՈՒՆԻՍԵՖԻ ներկայացուցչի գործունեությունը դադարեցնելու մասին որոշումը

ՄԱԿ-ի խոսնակը մեկնաբանել է Հաայստանում ՅՈՒՆԻՍԵՖԻ ներկայացուցչի գործունեությունը դադարեցնելու մասին որոշումը

ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դուջարիչն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում պատասխանել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ կապված հրապարակումներին:

Նշենք, որ օրերս տեղեկություն էր տարածվել, թե ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ-Հաթինգը լրտեսություն է արել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին: ՄԱԿ-ի խոսնակը այս թեմային է անդրադարձել ճեպազրույցում.

- Տեղեկություն է հաղորդվում, որ Հայաստանի կառավարությունը դադարեցրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի լիազորությունները ` նրան մեղադրելով, մեջբերում ենք, «չհամագործակցված աշխատաոճի» մեջ: Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ իբր այդ անձը լրտեսությամբ է զբաղվել՝ հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, և ՀՀ իշխանությունները նրան ճանաչել են «persona non grata»: Դուք ունե՞ք որևէ մեկնաբանություն այս պնդումների վերաբերյալ:

Սթեֆան Դուջարիչ- Նրա դեմ լրտեսության մեղադրանքներն անհիմն են, և ես ամբողջապես կպաշտպանեի նրան: Այն, ինչ ես կարող եմ ասել և ինչ են ինձ փոխանցել ՅՈւՆԻՍԵՖ-ի իմ գործընկերներն այն է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հայաստանի կառավարությունը պայմանավորվել են, որ Մարիան Քլարկ-Հաթինգը կավարտի այս ամիս Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի իր առաքելությունը, և կտեղափոխվի այլ առաքելության: Նա բարձր որակավորում ունեցող, չափազանց փորձառու և նվիրված մասնագետ է, ով նախկինում աշխատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կենտրոնակայանում, եղել է Մալազիայում ներկայացուցիչ և այլ պաշտոններ զբաղեցրել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սոմալին, Գվինեան, Բենինը և Մադագասկարը:՛՛

Հավելենք, որ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի գործունեությունը դադարեցնելու մասին որոշում է կայացվել: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով ՀՀ կառավարության՝  Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը դադարեցնելու մասին որոշումը, հայտնել էր. «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի՝ իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը՝ որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»: