կարևոր
2213 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-10 00:14

Նախագահականից նոր պարզաբանում են տալիս՝ կրկին չնշելով ԳՇ պետի ազատման հրամանագրի սահմանադրականության վիճարկման մասին

Նախագահականից նոր պարզաբանում են տալիս՝ կրկին  չնշելով ԳՇ պետի ազատման հրամանագրի սահմանադրականության վիճարկման մասին

ՀՀ նախագահի աշխատակազմը նոր հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.

«Տարբեր քաղաքական ուժերի, գործիչների և անձանց կողմից հնչում են ամենատարբեր մեկնաբանություններ, պարզաբանումներ և վերլուծություններ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու ժամկետների վերաբերյալ: Այս հարցը շահարկելով՝ ձևավորվում է թյուր կարծիք, թե մարտի 9-ը ՍԴ դիմելու վերջնաժամկետն է:

Հայտնում ենք, որ նման կարծիքներն անհիմն են՝ ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա, և Հանրապետության նախագահն առաջիկայում դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, ինչի մասին արդեն իսկ հայտարարվել է:

Հանրապետության նախագահը կրկին հանդարտության, սթափության ու զսպվածության կոչ է անում բոլորին»,- նշված է նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին վարչապետը նախագահին էր ներկայացրել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու մասին հրամանի նախագիծը: Արդեն փետրվարի 27-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել հրամանագիրը և առարկություններով վերադարձրել էր հրամանագրի նախագիծը: Այդ հայտարարության մեջ նշվում էր, որ «Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը»: