Այն տարածքը, որ սրանք զիջել են թուրքերին, Լիբանանի, Կիպրոսի չափ է. Բաղրամյան պողոտայում ընթացող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արթուր Խաչատրյանը:
«Սրանք շատ պրոֆեսիոնալ ազդում են մարդկանց ենթագիտակցության վրա և հիշեցնում 25 տարի առաջ ասած խոսքերը՝ Սերգո ջան, լավ չես ապրի, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել, հիմա իրենք լուծել են Ղարաբաղի հարցը, կսկսենք լավ ապրել ու սաղին կերակրում են այդ ստերով, որ տնտեսությունը սկսել է շնչել, նոր հնարավորություններ են բացվել ազգիս առաջ, այսինքն Արցա՞խն էր խանգարում, որ այդ հնարավորությունները բացվեին, Արցախը մի կողմ, իսկ ինչ-որ անհասկանալի հնարավորությունները մյուս կո՞ղմ: Տնտեսությունը վերջին 20 տարվա ընթացքում երբևէ ավելի վատ վիճակում չի եղել, քան այսօր է»,- նշեց նա:
Խաչատրյանի խոսքով՝ Կառավարության պաշտոնական տվյալներով ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացում համարյա 8 տոկոսով ընկել է և որքան էլ Կենտրոնական բանկը ջանք թափի, այլևս դրամի արժեզրկումը կանխել չի կարող, այն 10 տոկոսով արժեզրկվել է:
«Ձեթն ու շաքարը 40 տոկոսից ավելի են թանկացել, կարագը՝ 20 տոկոսից ավելի: Ես ուզում եմ հիշեցնել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ելույթը, որ ասում էր՝ կարագը թանկ է, դե սոխ, խառը կանաչի կերեք, հիմա ուզում եմ հարցնեմ՝ Նիկոլ Փաշինյան, դու սո՞խ ես ուտում, թե՞ խառը կանաչի ես ուտում, որ այս ժողովրդին դատապարտել ես սոխի ու խառը կանաչու»:
Խաչատրյանը նշեց, որ 2020 թվականին 36 հազար մահ է գրանցվել, 10 հազարով ավելի, քան 2018 թվականին. «Եթե նույնիսկ հանենք քովիդից մահացած 3400 հոգուն և պատերազմական զոհերը, ապա կտեսնենք, որ ծնունդները պակասել են, արտագաղթը փետրվարի ընթացքում, որոշ անուղղակի հաշվարկներով 20 հազարը անցել է, Երևան- Մոսկվա տոմսը 7-8 անգամ ավելի թանկ արժե, քան Մոսկվա-Երևան տոմսըմ արդյոք սա չի՞ նշանակում, որ տնտեսությունը գահավիժում է ցած»: