կարևոր
957 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-09 18:14

Այսօր ՀՀ նախագահը պետք է կողմորոշվի՝ ո՞վ է ինքը ՀՀ-ում. աշխատո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ, թե՞ կատարում է իր պարտականությունները. Գեղամ Մանուկյան

Առաջիկա մեկ ժամվա մեջ հայտնի կլինի վերջին շրջանի Ազգային անվտանգության, Զինված ուժերի միասնականության և այդ Զինված ուժերի դեմ Հայաստանի Կառավարության, վարչապետի աթոռը զբաղեցնողի անօրինական հարձակումների հետ կապված նոր զարգացումների ընթացքը: Բաղրամյան պողոտայում ընթացող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց Գեղամ Մանուկյանը:

«Այսօր այն օրն է, երբ ՀՀ նախագահը երկար մտածելուց հետո պետք է վերջապես կողմորոշվի, թե ո՞վ է ինքը Հայաստանի Հանրապետությունում. աշխատո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ, Նիկոլ Փաշինյանի արդեն երեք տարի շանտաժներո՞վ, թե՞ կատարում է նախագահի իր պարտականությունները՝ ապահովում է ՀՀ Սահմանադրությունը, օրենքները»,- նշեց նա:

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Արմեն Սարգսյանի՝ այսօր կայացրած որոշումով է պայմանավորված առաջիկա տարիներին Հայաստանի տարածքում իր ներկայությունը, դերը և կարգավիճակը։

«Հանրահավաքի ընթացքում պարզ կլինի արդյոք Արմեն Սարգսյանը համակերպվո՞ւմ է շանտաժին, բռնությունների կոչին, ամեն րոպե ինչ-որ պատգամաբերներ իր տուն ուղարկելու կամ Նիկոլի ոչ բարյացակամ իր տուն այցի և կատարում է այն հանձնարարականը, պահանջը, որ կա Կառավարության շենքից, թե՞ ի վերջո տերն է Սահմանադրության, և ինչպես Սահմանադրությունն է ասում պետության գլուխն է»,– ասաց նա:

Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Վազգեն Մանուկյանի մեղադրանքը փոխելու և կրկին մեղադրանք առաջադրելու՝ Քննչական կոմիտեի այսօրվա տեղեկատվությանը, նշեց.

«Այսօր իրավապահ համակարգը նոր քայլ արեց Նիկոլին ծառայելու իր ստրկական գործողությունների մեջ՝ լրացնելով Վազգեն Մանուկյանի մեղադրանքը և շարունակելով ծառայել մեկ մարդու՝ ոտնատակ տալով Հայաստանի օրենքն ու օրենսդրությունը: Այլևս իմաստ չկա նրանց ասելու, բացատրելու՝ քրեական գործ հարուցելով, ծավալներն ավելացնելով, հոդվածներ մտցնելով ՀՀ-ում չի լինելու բռնապետություն, Հայաստանի քաղաքացիները, սկսած Վազգեն Մանուկյանից՝ մինչև սահմանի մեր վերջին բնակիչ, չեն լռելու»: