Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատում երկկուսակցական նամակի ներքո ստորագրահավաք է սկսել, որով կոչ է արվում նախագահ Ջո Բայդենին հետեւել Կոնգրեսի օրինակին ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Նամակում մեջբերվում է 2020 թվականի ապրիլին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Բայդենի արած հայտարարությունը, որտեղ նա վստահեցրել է՝ «աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին»՝ նկատելով, որ Կոնգրեսն արդեն հստակեցրել է իր դիրքորոշումը, «ժամանակն է անել դա նաեւ գործադիր մարմնում»: