կարևոր
442 դիտում, 2 ամիս առաջ - 2021-03-09 10:54

Հայաստանի և Կուբայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ

Հայաստանի և Կուբայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ

Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը մարտի 8-ին  հեռախոսազրույց է ունեցել Կուբայի Հանրապետության արտգործնախարար Բռունո Ռոդրիգես Պարիլյայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Երկուստեք ընդգծվել է հայ-կուբական քաղաքական երկխոսության ակտիվացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Կարևորվել է համագործակցության  սերտացումը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հայաստանի և Կուբայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել ինտեգրացիոն գործընթացների, մասնավորապես՝ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ: Այս առնչությամբ նախարար Այվազյանը կարևորել է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրական սահմանների ընդլայնումը։ Նախարարներ Արա Այվազյանը և Բռունո Ռոդրիգես Պարիլյան վստահություն են հայտնել,  որ դիտորդ պետության կարգավիճակը հնարավորություն կտա Կուբային առավել արդյունավետ փոխգործակցել ԵԱՏՄ անդամ երկրների հետ, մասնավորապես արդյունաբերության, առողջապահության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի: