կարևոր
3918 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-08 09:20

Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է

Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է

Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է. օր, երբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ավանդության համաձայն, տղամարդկանց կողմից ստանում են հատուկ ուշադրություն, ծաղիկներ եւ նվերներ: Հարկ է, սակայն, նշել, որ կանանց օրը տոնվել է այլ նշանակությամբ:

Մարտի 8-ը տոնվել է հեղափոխական կանանց փառաբանելու համար: Այդ օրը այն կանանց տոնն էր, ովքեր ձգտում էին տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալ:

Առաջին անգամ Կանանց միջազգային օրը կազմակերպված տոնվել է 1911թ-ին Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում եւ Դանիայում: Ամենուր Կանանց միջազգային օրը սկսել է տոնվել մարտի 8-ին այն բանից հետո, երբ 1914 թ-ին Ավստրիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Նիդերլանդների եւ Ռուսաստանի կանայք իրենց օրը նշեցին հենց մարտի 8-ին:

ԽՍՀՄ տարիներին հստակ որոշել էին` Մարտի 8-ի տոնն առաջացել է «Դատարկ կաթսաների երթ»-ից: 1857 թ-ի այդ օրը Նյու Յորքի տեքստիլագործ կանայք բողոքում էին աշխատանքային վատ պայմաններից ու ցածր վարձատրությունից: Այնուհետ, ասում էին ԽՍՀՄ-ում, 20-րդ դարասկզբին՝ 1910 թ-ին, Կոպենհագենում ընթացող կանանց միջազգային ֆորումին ազգությամբ գերմանուհի կոմունիստ Կլարա Ցետկինն աշխարհին կոչ է անում տոնել Կանանց միջազգային օրը՝ Մարտի ութը: 

Ամենասկզբից տոնը կոչվում էր «Սեփական իրավունքների համար պայքարող կանանց համերաշխության տոն»: Իսկ հենց օրը՝ Մարտի 8-ը, ընտրվել էր այն տեքստիլագործ կանանց պատվին, որ որոշել էին գործադուլ անել, կամ գուցե չէին արել: Ավելի շուտ՝ գործադուլ արել են, բայց, հնարավոր է, որ նրանք բնավ էլ տեքստիլագործ կանայք չեն եղել: Իսկ թե ովքեր են եղել, դրա մասին փոքր-ինչ անց:

ԽՍՀՄ այս տոնը ներթափանցել է շնորհիվ Կլարա Ցետկինի ընկերուհու՝  Ալեքսանդրա Կոլոնտայի: Հենց նա է եղել Խորհրդային Միության բնակիչներին գերած այն «հզոր մտքի» հեղինակը, ըստ որի՝ «Առաջին իսկ պատահած տղամարդուն տրվելն այնքան հեշտ պետք է լինի, ինչպես մեկ բաժակ ջուր խմելը»:

Մարտի 8-ը ԽՍՀՄ-ում պաշտոնապես սկսվել է տոնվել 1921 թ-ից:

Ժամանակի ընթացքում տոնի քաղաքական մասը մոռացվել է եւ մնացել է միայն անհրաժեշտությունը` գարնանը պատվել կանանց` իրենց գեղեցկության, քնքշության եւ անսահման սիրելու ունակության համար:

Բոլոր ժամանակներում ազգերից շատերի մոտ կինը համարվել է «հրաշք եւ ընծա», «կյանքի եւ երջանկության խորհրդանիշ», եւ գրեթե բոլոր ազգային օրացույցներում կա կանանց նվիրված օր:

Իսպանիայում կանանց տոնը համարվում է կանանց հովանավոր Սբ Ագեդայի հիշատակության օրը: Այն տոնվում է փետրվարի 5-ին եւ համարվում յուրօրինակ «մայրական օր»: Աշխարհի «կանացի սկզբի» տոնակատարության հետաքրքիր ձեւեր գոյություն ունեն ինդուիստական երկրներում: Այստեղ առաջին պլանում ոչ թե կոնկրետ կնոջ կերպարն է, այլ նախամոր աստվածացված կերպարը:

Հարավային եւ Հյուսիսային Հնդկաստանի ժողովուրդները երկրպագում են երջանկության, գեղեցկության եւ ընտանեկան ջերմության աստվածներ Լակշմային եւ Պարվատիին: Բենգալիայում գարնան սկզբին (հունվարի վերջին-փետրվարի սկզբին) տոնակատարություններ են կազմակերպվում գիտության եւ արվեստի աստվածուհի Սարասվատիի պատվին:

Ճապոնիայում եւ Չինաստանում «կանացի սկիզբն» ընդունված է նույնացնել գիշերվա եւ լուսնի էներգիայի` Ինի հետ: Բայց դա չի նշանակում, որ արեւելյան տղամարդկանց կարծիքով, կանայք արժանի չեն տոների. ճապոնուհիներն, օրինակ, ունեն միանգամից երկու տոն:

Հայաստանում եւս կանանց օրը տոնվում է երկու անգամ: Առաջինը մարտի 8-ն է` Կանանց միջազգային օրը, իսկ երկրորդը ապրիլի 7-ը` Մայրության օրը, որը Սբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնն է: