կարևոր
2405 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-07 00:18

Հայաստանում կա մեկ մարդու դիկտատուրա, որը մենք միասին ջարդելու ենք և ոչնչացնենք․ Իշխան Սաղաթելյան

Բաղրամյան փողոցում է գտնվում 3 կարևորագույն ինստիտուտ՝ ԱԺ շենքը, նախագահի նստավայրը և Սահմանադրական դատարանը․ այս 3 կառույցների որոշումից կախված է շատ կարևոր և էական բան մեր երկրի առաջիկա օրերի համար, այս մասին հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման խորհրդի համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ներկայացնելով պայքարի նպատակը։

Նա նշեց, որ Բաղրամյան պողոտայի հանրահավաքի հարթակը Հայաստանի պայքարի հարթակն է, և այդ հարթակից 3 ինստիտուտները լսելու և տեսնելու են ժողովրդի ձայնը։

Բոլոր նրանց, ովքեր փորձում են քարոզչություն անել և հարթակը ներկայացնել իբրև նեղ կուսակցական, ընդդիմադիր ուժերի հարթակ է, իշխանության համար պայքարի հարթակ, Իշխան Սաղաթելյանը հակադարձեց՝ սա հայ ազգի պայքարի հարթակն է, այն մարդկանց, ով ասում է՝ Շուշին և Հադրութը հայկական են և պետք է վերադարձվեն, Արցախը պետք է լինի ազատ, բոլոր այն մարդկանց հարթակն է, ովքեր ուզում են, որ իրենց երկրում լինի օրենք, իսկ սահմանները լինեն պաշտպանված։

«Այս հարթակում չկան սևեր և սպիտակներ, այս հարթակում կա եռագույն։ Սա հայ ազգի հարթակն է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Երկրորդ հարցն, ըստ նրա, այն է, որ դավաճանն ասում է՝ մի խումբ մարդիկ եկել են և վերցնում են ժողովրդի իշխանությունը։ Դիմելով ժողովրդին, նա ասաց, որ իրենց խաբում են։

«Ինքը ձեզ խաբել է․ այսօր, երբ ասում է՝ ժողովուրդն է իշխանության, դրանով ուզում է ժողովրդին մաս դարձնել իր դավաճանությանը։ Ինքը ժողովրդի և ժողովրդի իշխանության հետ կապ չունի։ Հայաստանում կա մեկ մարդու դիկտատուրա, որը մենք միասին ջարդելու ենք և ոչնչացնենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։