Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը ողջունում է նոր օրինագիծը, որը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները ներկայացնելու են Ներկայացուցիչների պալատին և որով Ադրբեջանին կոչ է արվում անմիջապես ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին, որոնք որպես պատանդ են պահվում նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրից 100 օր անց:
Երկկուսակցական բանաձևը, որը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրաքիսը, Ջեքի Սփիերը, Դևիդ Վալադոն և Ֆրանկ Փելոունը, փաստում է, որ ադրբեջանական զինված ուժերը վատ է վերաբերվում հայ գերիներին և նրանց ենթարկում է «ֆիզիկական խոշտանգումների և նվաստացման», այդ թվում՝ գլխատումներ անում և մահապատժի ենթարկում առանց դատավարության:
Հայկական հարցերով հանձնաժողովի առաջնորդները կոչ են արել իրենց գործընկերներին միանալ իրենց և հավանություն տալ օրինագծին, որը ներկայացվելու է հաջորդ շաբաթ: