Երևանի պետական կոնսերվատորիան տեղեկացնում է, որ Արցախյան պատերազմում զոհվել է երգիչ Գագիկ Խաչատուրյանը:
«Խոր վշտով հայտնում ենք, որ Հայրենիքի համար մղվող պատերազմում անմահացել է ԵՊԿ մագիստրատուրայի վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժնի ուսանող Գագիկ Խաչատուրյանը։ Գագիկ Խաչատուրյանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնում (սկզբում՝ պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի, այնուհետև՝ դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանում):
Զորակոչվելուց առաջ Գագիկը ընդունվել էր ԵՊԿ մագիստրատուրայի վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժնի։
2019 թվականին պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել Արցախ, ծառայում էր Մեխակավանում։ Նրա աճյունը գտնվեց պատերազմից միայն 5 ամիս անց։
5 ամիս շարունակ նրա բոլոր ընկերները, հարազատներն ու հարազատ բուհը սպասում էին նրա վերադարձին, սակայն հրաշք տեղի չունեցավ։
Մեր ցավակցություններն ենք հայտնում Գագիկ Խաչատուրյանի ընտանիքին, հարազատներին, դասախոսներին ու ընկերներին»,- հայտնում են կոնսերվատորիայից։