318 դիտում, 2021.03.06 15:45

Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու ապահովել արդար ընտրություններ․Արթուր Վանեցյան

Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու ապահովել արդար ընտրություններ․Արթուր Վանեցյան

Սկզբնական շրջանում իշխանությունն այս պայքարը փորձեց վերածել նախկինների և ներկաների կռվի իշխանության համար աթոռակռվի, բայց մեր հանրությունը հասկացավ, որ խոսքը դրա մասին չէ։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Միանշանակ, կա էական փոփոխություն առաջինը մեր ժողովրդի տրամադրության մեջ։ Սկզբնական շրջանում իշխանությունն այս պայքարը փորձեց վերածել նախկինների և ներկաների կռվի, իշխանության համար աթոռակռվի, բայց մեր հանրությունը հասկացավ, որ խոսքը դրա մասին չէ, այլ ավելի լուրջ բաների մասին՝ մեր երկրի գոյությունը, ապագան, մեր ժողովրդի բարօրությունը։ Այսօր Բաղրամյան պողոտա են այցելում նաև մարդիկ, որոնք չեն աջակցում մեզ, չունեն համակրանք «Հայրենիքի փրկության շարժման» նկատմամբ, բայց նրանք գալիս են այստեղ իրենց բողոքի խոսքը, դիրքորոշումը ցույց տալու»,- ասաց Վանեցյանը։

Վանեցյանը կարծում է ժողովուրդը պետք է որոշվի, թե ով լինի իշխանության՝ ազատ կամարտահայտության միջոցով։

«Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ցույց տվեց, որ ի վիճակի չէ մնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ։  Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու ապահովել արդար ընտրություններ, եթե ընտրությունները կազմակերպվեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, չեն վայելելու ժողովրդի մեծամասնության վստահությունը»,- նշեց Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյանի կարծիքով՝ մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Օնիկ Գասպարյանը կարող է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին ծայրահեղություն է․ «Ուզում եմ համոզված լինել, որ նման ծայրահեղ քայլերի անհրաժեշտություն չի լինի, և այս ամբողջ խնդիրը կհանգուցալուծվի մեր երկրի Սահմանադրության շրջանակում»։