Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի և Կարեն Սարդարյանի,
- մտահոգ լինելով Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական մարմինների (վարչապետ, Զինված ուժերի շտաբ) միջև տեղի ունեցող վեճով և դրա զարգացման ոչ կառուցողական բնույթով,
- արձանագրելով սահմանադրական մարմինների միջև վեճերը Սահմանադրական դատարանի միջոցով լուծելու անհրաժեշտությունը,
- հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Հանրապետության նախագահն օժտված է հատուկ լիազորություններով, այդ թվում՝ օժտված է սահմանադրական որոշ մարմինների միջև առաջացած վեճերը Սահմանադրական դատարանին փոխանցելու լիազորությամբ, որոնք իրականացնելիս նախագահը պետք է առաջնորդվի բացառապես համապետական և համազգային շահերով,
- հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 27․02․2021թ․ հայտարարությունը, որով Զինված ուժերի շտաբի պետին ազատելու մասին վարչապետի առաջարկությունը առարկություններով վերադարձվել է՝ այն որակելով որպես Սահմանադրությանն առերևույթ հակասող,
- նկատի ունենալով այն, որ Հանրապետության նախագահի կողմից անգործություն դրսևորվելու պայմաններում, հնարավոր են հակասահմանադրական զարգացումներ, ինչի պատասխանատվությունը կրելու է նաև Հանրապետության նախագահը,
- հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն Հանրապետության նախագահը դեռևս կարող է դիմել Սահմանադրական դատարան,
ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
- դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի շտաբին պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով:
Հ.Գ. Նախագահն այս քայլով կձևավորի սահմանադրական մարմինների միջև վեճերը Սահմանադրական դատարանում քննության ներկայացնելու մշակույթ:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդ