Ինչ խնդիր են իշխանությունները փորձում լուծել ինձ կալանավորելով, նույնիսկ իրենք չեն հասկանում: Իմ խոր տպավորությամբ իշխանության գլխում պարբերաբար իրար հակասող մտքեր են ի հայտ գալիս, որը համապատասխան հոգեվիճակի արդյունք է: Այս մասին Վերաքննիչ դատարանի դիմաց, պատասխանելով հարցին, թե ինչ խնդիր է ցանկանում լուծել իշխանությունը՝ իրեն կալանավորելով, ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը:
«Այս ընթացքում կատարվեց մի աննորմալ ապօրինություն, որը սկսվեց այն պահից, երբ եկան գրասենյակ խուզարկության: Եկել էին գրասենյակ, որտեղ գտնվում էի ես, բայց արձանագրել էին կողքի՝ հիմնադրամի գրասենյակը: Առաջին վայրկյաններից բոլորին արգելեցին օգտվել հեռախոսներից, առգրավվեցին ամբողջ տեխնիկան և որոշ փաստաթղթեր, ապա այդ թղթերից մի քանիսը ներկայացրին դատարան, իբր առգրավել են իմ սենյակից»,-նշեց Արա Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ այս ամբողջ գործընթացը քաղաքական էր, կազմակերպված և նպատակաուղղված՝ երկրի իշխանության, մասնավորապես, վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից: