«Նոր կայարանը լինելու է Աջափնյակ թաղամասում, ասեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են, պարզապես այս փուլում փակագծերը չեմ բացի, որովհետև քննարկման շրջան է: Կարող եմ ասել, որ գործն ընթացքի մեջ է»,- Ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Կարեն Դեմիրճյանի անվան «Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը:
Գևորգ Ավետիսյանը Երևանի մետրոպոլիտենի 40 տարվա գործունեության գլխավոր ձեռքբերումներից է համարում անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումներ կազմակերպելը:
«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ չենք պատրաստվում ճոխ միջոցառումներ կազմակերպել, բայց չենք էլ կարող մեր ուղևորներին չհիշեցնել, որ մետրոպոլիտենը 40 տարեկան է: Ինչպես գիտեք, մետրոպոլիտենում հաճախ են իրականցվում մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ: Այս ֆոնի վրա «Երիտասարդական» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում կլինեն ցուցահանդեսներ»,- ասաց Գևորգ Ավետիսյանը: Այցելուները լուսանկարների միջոցով կծանոթանան մետրոյի պատմությանը՝ սկսած շինարարությունից: Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։
2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։
1966-1970 թվականներին Երևանի համար ամենահրատապ հարցերից էր մարդատար տրանսպորտի շուտափույթ կարգավորումը: Խնդիրը կապված էր այդ տարիներին բնակչության աճի աննախադեպ տեմպով: Մշակված Երևանի նոր հատակագծի համաձայն՝ մետրոպոլիտենի միջոցով բնակչության տրանսպորտային սպասարկումն ամենաարդյունավետն էր դիտվում և համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին: 1971 թվականին ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977 թվականին նաև համաձայնություն տրվեց, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության: Նախ` սկսեցին աշխատել նախագծողները, ապա՝ նաև շինարարները:
Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականի մարտի 7-ին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։
2010 թվականին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի միջև համաձայնագիր: Դրանով սկիզբ դրվեց «Երևանի մետրոյի վերականգնման ծրագրին», որին միացան Եվրոպական ներդրումային բանկը և Եվրամիության հարևանության աջակցության ծրագիրը:
«Աշխատանքները բաղկացած են մի քանի փուլից: Առաջին փոլով աշխատանքներն ավարտված են, երկրորդ փուլն ընթացքի մեջ է: Առաջին փուլի ժամանակ արդիականացվել են շարժակազմերը, ստեղծվել է վագոնների լվացման կենտրոն, մեքենավարների կենտրոն, կատարվել են նման այլ ներդրումներ: Երկրորդ փուլի աշխատանքները վերաբերում են դրենաժային թունելին ստորջրյա ջրերի հեռացմանը»,-ասաց Գևորգ Ավետիսյանը:
Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը նշեց, որ դրանք իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Նա ընդգծեց, որ այն սարքավորումները, համակարգերը, որոնք իրենք իրենց սպառել են պետք է փոխարինվեն նորերով: Շատ դեպքերում որպես սարքավորումներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ արտադրությունից դուրս են եկել, սպասարկող անձնակազմի համար առաջացնում են խնդիրներ: Չնայած դժվարություններին, գնացքները գիծ դուրս գալուց առաջ հմուտ մասնագետների կողմից ենթարկվում են տեխնիկական զննման: