Ոստիկանությունը քիչ առաջ բերման ենթարկեց Կարապետ Պողոսյանին և ևս մեկ երիտասարդի, որոնք կառավարության դիմաց խաղաղ ակցիա էին իրականացնում:
«Արյունոտ ծաղրածու» նախաձեռնության անդամները մարտի 3–ին քայլերթ էին սկսել Գյումրու Վարդանանց հրապարակից. այսօր նրանք հասել են Երևան՝ Կառավարության շենքի դիմաց Նիկոլին իր «արյունոտ ճամպրուկը» տալու համար։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենց ակցիան սկսել են հենց այն նույն վայրից, որտեղից 2018 թվականին սկսել էր քայլել Նիկոլ Փաշինյանը՝ իշխանափոխություն իրականացնելու համար։ Այս նախագծի մասնակիցները պայուսակի մեջ են դնում իմքայլականների հետ կապված տարբեր խորհրդանշական իրեր՝ «Հպարտ քաղաքացու անձնագիր», «Սահմանադրություն» (ցեխոտ վիճակում, որը խորհրդանշում է իմքայլականների կողմից Սահամանադրութան ոտնահարումը), Արցախի կորսված հատվածից հետո նոր քարտեզը և այլն։ Պողոսյանը և Վարդանյանը շրջում են այն երթուղով, որով 2018-ին անցել է Փաշինյանը՝ ապրիլյան իշխանափոխության գործընթացի ժամանակ։
Մկրտիչ Վարդանյանը ցուցադրեց, թե ինչ կա պայուսակի մեջ՝ նշելով, որ կան իրեր, որոնք քաղաքացիներն են ավելացրել, օրինակ՝ սև թուղթ, իսկ քաղաքացի Կարապետ Պողոսյանը մեկնաբանեց իրերի նշանակությունը: «Ուսապարկում կա դիմակ, որը մենք հանել ենք նրա երեսից և դա ցույց է տալիս նրա կեղծավորությունը, ուսապարկում կա փուչիկ, որը խորհրդանշում է իր սուտը, կախարդական փայտիկ, 2018 թվականի միասնական քարտեզ, և իր աջակից՝ Իլհամ Ալիևի լուսանկարը»,- ասաց Կարապետ Պողոսյանը: