Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե իբր Հայաստանը պետք է իրեն «նորմալ» պահի, եթե ուզում է օգտվել տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերից:
Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստում Ալիեւն ասել է, որ Բաքուն, Անկարան եւ Թեհրանը նույն դիրքորոշումն ունեն տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի իրականացման հարցում: Ադրբեջանի նախագահը նորից կրկնել է իր այն միտքը, թե ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է ու իրենք մտածում են ապագայի մասին:
Ալիեւը նշել է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը պետք է միացնի Ադրբեջանը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ: Այդ միջանցքը, Ալիեւի խոսքով, նոր հնարավորություններ կստեղծի: Ու այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահը, իրեն տանտեր երեւակայելով ու ասելով, թե իբր տրանսպորտային միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուրով, հրավիրել է Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներին միանալ նախագծին: