Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Սյունիքի մարզի խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և լրագրողներին ցուցադրեց մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ արձակում ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ագարակ և Եղվարդ գյուղերի միջնամասում օրվա ցերկային ժամերին։ Պաշտպանը նշեց, որ այդ հատվածից մինչև Ագարակ և Եղվարդ գյուղերը ուղիղ գծով մոտ 1 կմ է։
«Մենք ունենq այլ ապացույցներ ևս, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցները»,- ասել է Թաթոյանը։
ՄԻՊ-ը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցները շարունակվում են։ Ըստ Թաթոյանի՝ ՄԻՊ աշխատակազմի վերջին հարցումները ցույց են տալիս, որ վերջին օրերին նույնպես ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Ներքին Հանդ, Ագարակ ու Եղվարդ և մի շարք այլ գյուղերի հարևանությամբ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրել է այն զինատեսակները, որոնցով առավելապես կրակում են ադրբեջանական զինված ուժերը։