Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր համակարգչի լուսանկարը, որում երեւում է, որ այն միացված է Մոլդովայում գտնվող «Moldova MD#8 Chisinau» սերվերին, որի նույն «IP» հասցեով իր պաշտպանյալ Արամ Սարգսյանը 2021թ. փետրվարի 18-ին եւ 19-ին մուտք է գործել Յություբ:
«Նկարում իմ համակարգիչն է։ Ինչպես տեսնում եք՝ այն միացած է Մոլդովայում գտնվող «Moldova MD#8 Chisinau» սերվերին, որի արդյունքում իմ «IP» հասցեն հանդիսանում է 178.17.168.170։ Այս Նույն «IP» հասցեով ինչ-որ մեկը 2020թ. հոկտեմբերի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել «Gagik Soghomonyan» ֆեյսբուքյան օգտատիրոջ օգտահաշիվ։
Այս նույն «IP» հասցեով պաշտպանյալս՝ Արամ Սարգսյանը 2021թ. փետրվարի 18-ին եւ 19-ին մուտք է գործել «Յություբ»։ Որեւէ այլ կապ պաշտպանյալս Գագիկ Սողոմոնյանի հետ չունի։ Ասածս ինչ է՝ կամ Արամին թողեք կամ ինձ էլ (ինչպես նաեւ այս «IP» հասցեն օգտագործող եւս մի 4-5 միլիոն մարդու) կալանավորեք»,- գրել է Գալստյանը։
Նշենք, որ այսպես կոչված Գագիկ Սողոմանյան կեղծ օգտահաշվի գործով Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Լևոնի Սարգսյանը ձերբակալվել էին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի, 226.2-րդ հոդվածով և 307.4-րդ հոդվածով՝ բռնության կոչեր, ազգային մոլեռանդություն տարածելու և ռազմական դրության ժամանակ տեղեկատվության շրջանառության կանոնները խախտելու հատկանիշներով։ Արամ Սարգսյանը և Արա Սաղաթելյանը կալանավորվել են, իսկ Մհեր Ավագյանն և Կարեն Բեքարյանը՝ ազատ արձակվել: