կարևոր
1455 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-04 17:09

Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատներում չընդունեցին հադրութցիներին

Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատներում չընդունեցին հադրութցիներին

Այսօր «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունը և Հադրութի, Շուշիի և Քաշաթաղի շրջանների բնակիչները Երևանում ակցիա-երթ էին իրականացնում Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանությունների մոտ՝ պահանջելով Արցախի կորցրած տարածքների և այնտեղից տեղահանված մարդկանց խնդիրներին լուծումներ տալ:

Հասարակական կազմակերպության նախաձեռնող խմբի անդամ Լևոն Հայրյանը նշեց, որ ցանկանում են հանդիպումներ ունենալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներ, քանի որ այդ երկրներն են հիմնականում զբաղվում արցախյան կարգավորման խնդրով։ Նա նշեց, որ մեկ ամսից ավելի է՝ նամակներ են գրում, մեկ անգամ էլ  ակցիա են կազմակերպել, բայց նրանց ոչ ոք չի ընդունել։

Հավաքի մասնակիցները երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, տարբեր գրություններով պաստառներ էին բերել՝ «Արգելե՛ք ահաբեկիչ «Գորշ գայլերին» դպրոց կառուցել Շուշիում», «Հայությունը վտանգի մեջ է, կանգնեցնել ցեղասպան Թուրքիային և Ադրբեջանին», «Չի՛ կարելի գեոպոլիտիկ խաղերի զոհ դարձնել փոքր պետություններին» և այլն։

ՌԴ դեսպանության որևէ ներկայացուցիչ էլ դուրս չեկավ՝ նրանց հետ հանդիպելու։ Ֆրանսիայի դեսպանատանը երթի մասնակիցները նամակները հանձնեցին աշխատակցին։ 

Հադրութցիներին ԱՄՆ դեսպանատանը հայտնեցին, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ընդունելություն չի իրականացվում:  Դեսպանատնից հադրութցիներին փոխանցեցին տվյալները՝ էլեկտրոնային եղանակով դիմելու համար: