Որոշակի իմաստով բանակցություններ վարել ենք եւ, ըստ էության, Փաշինյանը Գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների հետ, բայց մենք ենք կապում: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ խոսել են գլխավոր շտաբի պետի հետ կապված խնդրի, զինվծ ուժերի քաղաքականացման եւ այդ ֆոնին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:
«Որովհետեւ մենք տեսնում ենք, որ երկրում եղած ճգնաժամին գումարվել է նաեւ Գլխավոր շտաբի խնդիրը: Այս պահին չունենք որեւէ համաձայնություն որեւէ հարցի վերաբերյալ: Որքան հասկանում եմ՝ կլինի հանդիպում նաեւ ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետեւ միայն մեր դիրքորոշումով պրոցեսները չեն կարող առաջ գնալ եւ խորհրդարանը չի կարող ցրվել:
Հետեւաբար, երբ տեղի կունենա ԲՀԿ-ի հետ հանդիպումը կամ ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ կլինի, նորից կլինեն բանակցություններ: Այս պահին որեւէ հարցով չունենք համաձայնություն, բայց այն, որ մենք պետք է խոսենք, ճանապարհներ գտնենք երկրում ստեղծված այս վիճակից դուրս գալու համար, այդ հարցում ունենք հասկացվածություն»,-ասել է նա:
Հարցին, թե ինչու համաձայնություն չի կայացել, Մարուքյանը պատասխանեց. «Պետք է շարունակել խոսել. Ամենակարեւոր հանգամանքը հետեւյալն է, որ ես շատ եմ մտահոգված ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարության եւ կառավարության միջեւ եղած այս պրոցեսով: Որեւէ ձեւով զինված ուժերը մենք չպետք է քաղաքականացնենք: Ես ասում էի՝ եկեք զինված ուժերը թողնենք իր տեղում, գնանք ընտրությունների: Այստեղ ընտրությունները ամենահիմնարար հարցն են, որովհետեւ եթե ընտրություններ տեղի չեն ունենում, մենք չենք կարող ճգնաժամից դուրս գալ»:
Մարուքյանը նկատել է, որ եթե իրենք հրաժարվում են վարչապետի թեկնածու առաջադրելու մոտեցումից, բայց խորհրդրանական մյուս ուժը՝ ԲՀԿ-ն, չի հրաժարվում, քննարկումն անիմաստ է դառնում:
«Մեկը ես չեմ պատկերացնում առանց գլխավոր շտաբի խնդիրը լուծելու արտահերթ ընտրություններ, բայց ուզում եմ օր առաջ արտահերթ ընտրություններ անցկացնել: Դրա համար առաջարկում էի՝ կոնսենսուսի գանք, էս մասը դադար տանք, գնանք արտահերթ ընտրությունների: Իսկ վարչապետն ասում է այդ երկու խնդիրները պետք չի կապել իրար»,-ասել է Մարուքյանը: