Արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը հեռացան թագավորական ընտանիքից, բայց ոչ լրատվական դաշտի ուշադրությանից:
Նախեւառաջ, The Times-ը սկանդալային հոդված է հրապարակել, որում Մեգան Մարքլի նախկին օգնականները նրան մեղադրել են հալածանքի համար: Այս պատճառով էլ Բուքինգհեմյան պալատում որոշել են Սասեքսի դքսուհի կողմից իր ենթականերին ծաղրելու փաստերի վերաբերյալ հետաքննություն սկսել:
Թագավորական ընտանիքի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ թագավորական պալատը չի հանդուրժի ահաբեկումն ու հետապնդումը աշխատավայրում, իսկ աշխատակիցները, որոնք աշխատել են Սասեքսի դքսի եւ դքսուհու հետ, կհրավիրվեն մասնակցելու հետաքննությանը:
Մեգան Մարքլը հերքում է ծաղրի մեղադրանքները: Նա իր ներկայացուցչի միջոցով դրանք անվանել է «հաշվարկված զրպարտչական արշավ»:
Նրա կարծիքով՝ զարմանալի չէ, որ այդ պատմությունը հիմա է ներկայացվել դուքսերի Օփրա Ուինֆրիին տված մեծ հարցազրույցի նախօրերին, որը կթողարկվի մարտի 7-ին: Այդ հարցազրույցում, ի դեպ, Մեգանն ասել է, որ Բուքինգհեմյան պալատը չի կարող ակնկալել, որ ինքն ու Հարին կլռեն այն դեպքում, երբ նրանք իրենց մասին ստեր են տարածում: