Ինձ չի հետաքրքրում, թե ինչ հարցեր են տալու, որովհետև ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու, ոչ մի ցուցմունք էլ չեմ տալու, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Ես ասել եմ նախադասություններ, թող իրավաբանները մեկնաբանեն՝ այդ նախադասություններն ինչ են նշանակում։ Ես ոչ մի ցուցմունք տալու առիթ կամ պատճառ չունեմ»,-ասել է Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով՝ իրեն առաջադրված մեղադրանքն իսկական քաղաքական հետապնդում է.
«Մեր երկրում վերջին երկուսուկես տարվա ընթացքում գոնե ամիսը մեկ խախտվում է Սահմանադրությունը, խախտվում են հիմնական օրենքները, ըստ որում՝ երկրի ղեկավարի կողմից։ Պատերազմի ավարտից հետո՝ արդեն ոչ ռազմական վիճակում, ինքը շարունակում է Ադրբեջանին տալ Սյունիքի հողերը։ Դա նշանակում է ամենամեծ հանցագործությունը, որը կարող է կատարվել և Սահմանադրության ամենամեծ խախտումը։ Կարծում եմ, որ իր դեմ պետք է քրեական գործեր հարուցել և հետապնդել»։
Մանուկյանն ասել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը հրավիրվել է ՔԿ՝ հարցաքննության։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։