կարևոր
535 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-03 19:20

Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել առնվազն մինչև մարտի 8-ը․ Վազգեն Մանուկյան

Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել առնվազն մինչև մարտի 8-ը․ Վազգեն Մանուկյան

Մեզ պետք չէ արյան միջոցով իշխանություն, մեզ պետք է հասունացած՝ այդ ամեն ինչը ինքնուրույն լուծվի։ Այս մասին հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքին։

Նա տեղեկացրեց, թե ինչ է պատասխանել շարժման պատվիրակությանը ՀՀ նախագահը, որի հետ բանակցելու էին գնացել ԳՇ պետին ազատելու՝ վարչապետի առաջարկը Սահմանադրական դատարան ուղարկելու պահանջով, որի 3-օրյա ժամկետն ավարտվում է այսօր։

Վազգեն Մանուկյանն ասաց, որ ՀՀ նախագահը այն չի ուղարկի ՍԴ։

«Բայց իրավաբանները գտան մի միջոց․ ձևը այս է՝ մինչև ամսի 8-ը Օնիկ Գասպարյանին պաշտոնաթող անելու իրավունք չունեն։ Արանքում նախագահը նորից պիտի միջամտի ՍԴ։  Այդ խոստումը, իրողությունը բացատրվեց մեր պատվիրակությանը, որը նոր այցելեց նախագահի նստավայր»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Այսինքն, նա բացատրեց, որ այն, ինչ ուզում էինք՝ չստացանք, ստացանք կիսատ-պռատ։

«Դա նշանակում է, որ մենք այսօր ոչ թե պետք է տոնենք հաղթանակ, այլ պետք է ասենք, որ մի քայլ ևս արեցինք, բայց առջևում ունենք պայքարելու ժամանակ»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ մի բան կա, որ այդ փաստաթղթերից ավելի կարևոր է․ բանակի ղեկավարությունը, Մանուկյանի տեղեկություններով, ասաց, որ չի ենթարկվի անօրինական կարգադրությունների։

«Եվ ինչ ուզում է որոշեն տարբեր ատյանները՝ նախագահը, կառավարությունը և մյուսները, ամենակարևորն այն է, որ բանակը կանգնած՝ ոնց կար, այդպես էլ մնալու է»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ սա միայն Օնիկ Գասպարյանի հարցը չէ, սա ամբողջ բանակի հարցն է։

«Ինչպես միշտ, խոստանում են՝ դուրս արի պաշտոնից, մի ուրիշ լավ պաշտոն կտանք․ իրականում, բավական է մի տեղ թուլություն ցույց տաս՝ ջարդելու են մինչև վերջ, հանելու են և ձերբակալելու են բոլոր կորպուսների հրամանատարներին, մենք այդ ձեռագիրը գիտենք, տեսել ենք»,-ասաց նա։

Այսինքն, Վազգեն Մանուկյանի խոսքով, հիմա մենք ոչ թե պաշտպանում ենք Օնիկ Գասպարյանին, այլ ուզում ենք երկրորդ ջարդից բանակը ազատել․ «Առաջին ջարդը եղավ, երբ կոռուպցիա փնտրելով մտան բանակ, կոտրեցին բանակը, ապա պարտվեցինք։ Հիմա երկրորդ անգամ են ուզում ջարդել․ չենք թույլ տալու, բանակը դա թույլ չի տա, բանակը ուժեղ է, բանակում տղամարդիկ են»։