ԶՈՒ ԳՇ պետին ազատելու առաջարկը Սահմանադրական դատարան ուղարկելու մասին՝ իր որոշումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առաջիկա ժամերին կհայտնի; Այս մասին լրագրողներին ասել է Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամ Արթուր Վանեցյանը, որը շարժման այլ ներկայացուցչների և վարչապետի թեկնածուի հետ գնացել էր ՀՀ նախագահի առանձնատուն՝ հանդիպելու նրա հետ։
«Հանդիպեցինք ՀՀ նախագահի հետ, քննարկեցինք ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ազատման առաջարկությունը Սահմանադրական դատարան ուղարկվելո՞ւ է, թե՞ ոչ։ Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասել է Արթուր Վանեցյանը։
Նա նշել է, որ Արմեն Սարգսյանը չի ասել՝ ինչո՞ւ մինչև այսօր ՍԴ չի դիմել, չի ասել նաև, թե արդյո՞ք իր վրա կա ճնշում վարչապետ Փաշինյանի կողմից, թե՞ ոչ։
«Նախագահը լսեց մեր խոսքը և ասաց՝ ի գիտություն կընդունի մեր խոսքը և կիրականացնի իր սահմանադրական պարտավորությունները »,-ասել է Արթուր Վանեցյանը։
Նա վստահեցրել է, որ որևէ այլ բան նախագահը չի ասել։