Իմայլական Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում, դիմելով ԲԴԽ նախագահին, ասաց, որ ինքն ու իր գործընկերները, իր խոսքով, հիմնավոր պատճառներ ունեն ասելու, որ Բարձրագույն դատական խորհդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը քաղաքական էր։ Վարդազարյանը պնդեց` այդ հայտարարությամբ նա զսպվածության կոչ է արել, որևէ կանոն չի խախտել, և այլևս ասելիք չունի այդ հարցի վերաբերյալ:
«Ես նորից պնդում եմ, որ կոչս զսպվածության կոչ էր, որով կոչ էի անում դատավորներին զերծ մնալ որևէ քաղաքական որոշում կայացնելուց, ղեկավարվել օրենքով: Շատ լավ պատկերացնում եմ, որ «Դատական օրենսգրքի» 4-րդ հոդվածի 1-ին կետը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 70-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և դատավորների էթիկայի երրորդ կանոնը հստակ սահմանում է, դատավորի վարքագծի կանոնները, որոնցից ելնելով ես ունեմ զսպվածության սահման և դա որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ փորձեք դրդել ինձ դեպի քաղաքական քննարկում»,- ասաց Վարդազարյանը:
«Տեղեկացնում եմ ձեզ, որ ԲԴԽ նախագահը, ԲԴԽ-ն և դատական համակարգը հաշվետու չեն ԱԺ-ին։ Եվ հետևաբար ես պարտավորություն չունեմ պատասխանելու քաղաքական բնույթի հարցերին։ Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես ներկայացել եմ ԱԺ։ Խնդրում եմ չշփոթել, թե սա գլխավոր դատախազի և ՄԻՊ տարեկան զեկույց է։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք ինձ այստեղ տալիս եք 3 տարվա ընթացքում ծառացած բոլոր այն հարցերը, որոնք ցանկանում եք ուղղել դատական իշխանությանը»,- նկատեց նա։
«Իմ քայլը» պատգամավորները հարցեր էին հղում միայն այդ հայտարարության վերաբերյալ: Ընդդիմադիր պատգամավորները դուրս եկան նիստերի դահլիճից:
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր հաստիքները զբաղեցնելու համար ներկայացված 2 թեկնածուների ընտրության հարցը։