կարևոր
349 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-02 14:29

Համայնքային ծառայության ինստիտուտը դե ֆակտո պաշտպանված չէ. Խաժակյան

Այսօր Երեւանի ավագանու խմբակցություններին է դիմել քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետի տեղակալը, ում փորձում են աշխատանքից ազատել՝ հաստիքը կրճատելու ճանապարհով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Սա առաջին դեպքը չէ, երբ համայնքային ծառայողին, ով պաշտպանված է օրենքով, փորձում են հեռացնել աշխատանքից եւ դրա համար հիմնավոր պատճառներ չգտնելով՝ կատարում անտրամաբանական կառուցվածքային փոփոխություններ։

Այս մոտեցումը շատ արատավոր է, քանի որ ստացվում է, որ համայնքային ծառայության ինստիտուտը դե ֆակտո պաշտպանված չէ։ Սա երկրորդ դեպքն է, երբ վարչության պետի տեղակալի հաստիքը կրճատվում է միմիայն այն պատճառով, որ աշխատակցին օրինական ազատման հիմքեր չեն գտնվում եւ նախաձեռնվում է հաստիքացուցակի փոփոխություն։

Ցավոք սրտի, «Իմ Քայլը» խմբակցությունը այլ գործառույթ, քան քաղաքապետի նախաձեռնությունը դակելը, իրեն չի վերապահել, ուստի մնում է սպասել այն օրվան, երբ նոր եւ ողջամիտ քաղաքային իշխանությունը կվերականգնի նախկինի քանդածը»,- գրել է նա:

Հավելենք, որ իր հերթին Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Միքայել Սահակյանը այս փոփոխությունը համարում է քաղաքական հետապնդում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշում է, որ քաղաքապետարանում աշխատել է շուրջ 12 տարի: Ներկայացնելով աշխատանքում իր գրանցած հաջողությունների մասին, նա գորւմ է.

«Հիմա իրականության մասին. 2018թ-ի վերջերից քանիցս «հորդորել» են՝ ուղիղ և անուղղակի ձևերով՝ դիմում գրել և դուրս գալ աշխատանքից, հորդորողները բացարձակ կապ չունեն համայնքային կառավարման հետ, ստացել են մերժում: Ստեղծել են բոլոր հնարավոր իրավիճակները, որ ես ինքս դուրս գամ աշխատանքից, սակայն ես մնացել եմ ու ծառայել հանուն Երևանի։ 

Այսօր տեղեկացա, որ այլ տարբերակ չգտնելով՝ ուզում են կրճատել հաստիքս՝ ի վերջո ինձանից եւ չի բացառվում վարչության այլ «անցանկալի» համայնքային ծառայողներից «ազատվելու» համար:

Դիմում եմ Երևանի ավագանու խմբակցություններին, անհատ անդամներին՝ ի վերջո, համայնքային ծառայողը պաշտպանվա՞ծ է օրենքով, թե «օրենքով» օրենքը խախտելով՝ կարող են ազատվել բոլոր մտահոգ ու հայրենասեր մարդկանցից»,- գրել է Սահակյանը: